Երևանում նամակներ են հանձնել դեսպանատներին` գերիների վերադարձի պահանջով

Երևանում նամակներ են հանձնել դեսպանատներին` գերիների վերադարձի պահանջով

PanARMENIAN.Net - «Համահայկական ճակատ» շարժումը ակցիաներ է իրականացնում տարբեր դեսպանատների մոտ և նամակներ հանձնում՝ պահանջելով 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների և Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ քայլեր ձեռնարկել։ Լրագրողների հետ զրույցում շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը շեշտել է, որ մոտ 20 օր առաջ էլ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին են նամակներ հանձնել այդ հարցերի վերաբերյալ։

Շարժման անդամները սկզբում նամակ են հանձնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն` ուղղված դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Նամակով մտահոգություն են հայտնել COP-29 համաժողովը Բաքվում անցկացնելու առնչությամբ, քանի որ այնտեղ տարիներ շարունակ ապօրինաբար հայ գերիներ են պահվում, հայտնում է Sputnik Արմենիան։

Հաջորդ նամակը շարժման անդամները հանձնել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ Օլիվիե ԴըԿոնտինյիի անունով, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատուն` Քրիստինա Քվինի անունով։ Բովանդակությունը նույնն էր։ Միևնույն ժամանակ կոչ է արվում բարձրացնել գերիների և անհետ կորածների վերաբերյալ հարցը միջազգային հարթակներում, այդ թվում ՄԱԿ-ում և ԵՄ-ում։

Ռուզաննա Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք դիմել են նաև Անհետ կորածների միջազգային կոմիտեի հայկական հարցերով պատասխանատու Կարմեն Օսորնոյին՝ ակնկալելով ակտիվ աջակցություն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայ զինվորներին գտնելու հարցում։

«Այս կառույցը եզակի է այն առումով, որ դրա անդամները կարող են լինել Բաքվի բանտերում և այնտեղ տեսնել, թե ինչ վիճակ է և մեր տղաներից քանիսն են այնտեղ պահվում։ Մենք դիմել ենք այս կառույցին, քանի որ բազմաթիվ ծնողներ էլ վստահ են, որ իրենց երեխաները Բաքվի բանտերում են, մոտ 80 տեսանյութ է ուղարկվել ՄԻԵԴ, որտեղ երևում են անհետ կորած համարվող տղաները»,- ասել է Ստեփանյանը։

Նա հույս է հայտնել, որ Անհետ կորածների միջազգային կոմիտեն կկարողանա որևէ քայլ անել անհետ կորած համարվող հայ զինծառայողների գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու առումով։ Շարժման անդամները նշել են, որ առաջիկայում պատրաստվում են լուրջ ճնշումներ գործադրել ՀՀ կառավարության վրա։

«Մեր տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը մինչև ամսվա վերջ մեկնելու է Նյու Յորք և հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Մենք պետք է պարտադրենք, որպեսզի այս հարցը դառնա օրակարգի քննարկման թեմա»,- ասել է Ստեփանյանը։

Շարժման անդամը նաև ներկայացրել է, թե ՄԱԿ-ի գրասենյակից իրենց ինչ պատասխաններ են տվել նամակների վերաբերյալ։ Ասել են, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանձնակատարն այս պահին հասցրել է խոսել Բաքվում իր գործընկերոջ հետ, ներկայացրել է այնտեղ պահվող հայ գերիների և անհետ կորածների խնդիրը։ Այնտեղից ասել են, որ Բաքուն էլ Հայաստանից իր անհետ կորածներին է պահանջում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանձնակատարը նաև դիմել է ՄԱԿ-ի ասամբլեայի մարդու իրավունքների գծով հանձնակատարին և պահանջել քննության առարկա դարձնել հայ անհետ կորածների և ռազմագերիների խնդիրը։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---