Հայ-ռուսական հարաբերություններում չկա ոչ մի ոլորտ, որտեղ համատեղ նախագծեր չեն իրականացվում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ կառավարության նախագահիտեղակալ Սերգեյ Իվանովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Հանդիպման սկզբում Սերգեյ Իվանովը ցավակցություն է հայտնել «Նաիրիտ» գործարանում երեկ տեղի ունեցած վթարի կապակցությամբ եւ պատրաստակամություն` հայկական կողմին ցուցաբերելու հնարավոր աջակցություն:



Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ եւ ՌԴ միջեւ փոխգործակցության բարձր մակարդակի առթիվ եւ նշել, որ հայ- ռուսական հարաբերություններում չկա մի ոլորտ, որտեղ չիրականացվեն համատեղ նախագծեր: Հայաստանում գործում է հազարից ավելի համատեղ դրամագլխով ձեռնարկություն, եւ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավորինս աջակցել դրանց:



Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի բնագավառների, ինչպես նաեւ պետական պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների գործունեությանն առնչվող հարցեր:



Կարեւորելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տրանսպորտային բեռնափոխադրումների պատշաճ ապահովման խնդիրը, կողմերը քննարկել են Կովկաս-Փոթի-Կովկաս երկաթուղային-լաստանավային եւ Նովոռոսիյսկ-Փոթի-Նովոռոսիյսկ ավտոմոբիլային - լաստանավային երթուղիների հետ կապված հարցերը:



Տ. Սարգսյանը եւ Ս. Իվանովը խոսել են նաեւ ՌԴ կոնցեսիոն կառավարմանը փոխանցված Հայաստանի երկաթուղային ցանցի, կոնցեսիոն պայմանագրի կատարման մասին, անդրադարձել սակագնային քաղաքականությանը, երկաթգծի տեխնիկական վերազինման, արդիականացման համար պահանջվող ներդրումներին:



Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված արդյունաբերական եւ գիտական ձեռնարկությունների տարածքում տնտեսական գոտիների ստեղծման գործընթացն արագացնելու խնդիրը: Սերգեյ Իվանովն իր հերթին նշել է, որ այն ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է եւ առաջիկայում լուծում կստանա:



Կողմերը խոսել են 2014թ. ՌԴ Սոչի քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստման շրջանակում նախատեսվող շինարարական աշխատանքներին ՀՀ մասնակցության, մասնավորապես` շինանյութերի մատակարարման մասին:



ՀՀ կառավարության ղեկավարը եւ ՌԴ կառավարության նախագահի տեղակալը երկուստեք կարեւորել են Տնտեսական համագործակցության հարցերի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի դերը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս բացահայտելու փոխգործակցության ներուժը եւ նրա մեջ ընդգրկելու նոր ոլորտներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---