ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10,000 դրամ աջակցության ծրագիրը չի դադարեցվում

ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10,000 դրամ աջակցության ծրագիրը չի դադարեցվում

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության տրամադրման գործընթացը, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Այսինքն՝ անկախ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքից՝ Դուք կշարունակեք համարվել տվյալ միջոցառման շահառու, եթե բավարարում եք ծրագրի հիմնական պայմաններին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ․ դեկտեմբեր ամիսն է։

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով՝ իրականացվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին կարող եք դիմել https://housing.socservice.am/ հղմամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել 2025 թ․ ընթացքում որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և առանձին խմբերի համար։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---