Զեկույց․ Քաղաքացիության գործոնը բացասաբար է ազդել Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության հարցի լուծման վրա

Զեկույց․ Քաղաքացիության գործոնը բացասաբար է ազդել Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության հարցի լուծման վրա

PanARMENIAN.Net - Քաղաքացիության գործոնը և ՀՀ կառավարության N1864 որոշումն արցախցիներին փախստական ճանաչելու վերաբերյալ, բացասաբար են ազդել զբաղվածության հարցի լուծման առումով․ 2024 թ․ հուլիս ամսվա տվյալներով՝ աշխատանքի ընդունված բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է մոտ 20,000։ Այս տվյալներն ամփոփված են «Բռնի տեղահանված արցախցիների զբաղվածությունն ու աշխատանքային իրավունքների իրացումը Հայաստանում» թեմայով զեկույցում։

Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, հայտնում է Factor.am-ը։

Զեկույցը մշակվել է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի կողմից՝ «Կրթություն և համերաշխություն» արհմիության հետ համատեղ:

Զեկույցի հեղինակները որպես դիտարկվող ժամանակահատված են ընտրել 2023 թ․ սեպտեմբերի բռնի տեղահանումից և դեպի ՀՀ ներհոսքից մինչև 2024 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածը։

Հետազոտության ընթացքում իրականացվել են փաստաթղթերի, մասնավորապես՝ ներպետական օրենսդրության ուսումնասիրություն, շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ լիազոր մարմնի ներկայացուցչի և շահառուների՝ բռնի տեղահանված անձանց հետ հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ, ինչպես նաև օգտագործվել են գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացված քանակական հարցումները։

Ըստ 2023 թ․ նոյեմբերին իրականացված ելակետային ֆոկուս խմբային քննարկումների և խոր հարցազրույցների արդյունքների՝ արցախցիների մեծամասնության համար օրհասական է եղել աշխատանքի տեղավորման հարցը, քանի որ առանց աշխատանքի չեն կարողանա հոգալ կեցության և առօրյա ծախսերը։

Աշխատանք գտնելու հիմնական խոչընդոտներն են մասնագիտական աշխատատեղերի պակասը և աշխատավարձերի ցածր լինելը։ Տվյալ պահի քննարկումների արդյունքները ցույց են տվել, որ շատ ավելի մեծ է այն մարդկանց ու նրանց ընտանիքի անդամների քանակը, որոնք աշխատանք են փնտրում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թ․ ապրիլ ամսվա դրությամբ աշխատանքի էր ընդունվել Արցախից բռնի տեղահանված ընդամենը 16,300 անձ և 1,065 անձ էլ ունեցել է գործող ձեռնարկատիրություն կամ գրանցված է եղել որպես ընկերության հիմնադիր/մասնակից։ 2024 թ․ հուլիս ամսվա տվյալներով՝ աշխատանքի ընդունված բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է շուրջ 20,000։

Այսպիսով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ քաղաքացիության գործոնը և ՀՀ կառավարության N 1864 որոշումը արցախցիներին փախստական ճանաչելու վերաբերյալ, բացասաբար է ազդել զբաղվածության հարցի լուծման առումով։ Արցախցիները կանգնել են ընտրության առջև՝ հրաժարվել նախկին անձնագրից, որը ֆորմալ առումով և նրանց ընկալմամբ ՀՀ քաղաքացու անձնագիր էր, թե հարկադրված ընդունել ՀՀ քաղաքացիություն՝ սպասելով մի քանի ամիս՝ մինչև կշնորհվի ՀՀ քաղաքացու անձնագիր։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---