Նախարար. ՀՀ–ն պետք է գնա առողջապահության ապահովագրության ներդրման ճանապարհով

Նախարար. ՀՀ–ն պետք է գնա առողջապահության ապահովագրության ներդրման ճանապարհով

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է գնա առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2025–ի պետական բյուջեով միջոցներ չեն նախատեսվել առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման ֆինանսավորման համար։

Նա նշել է, որ 2025 թվականի բյուջեում ապահովագրության ներդրման առաջին փուլի ֆինանսական հատվածը արտահայտված չէ՝ ելնելով այն հանգամանքից, որ համակարգի ներդրման համար որոշակի վերապահումներ կան, հայտնում է Արմենպրեսը։

«Բարեփոխումը շատ ծավալուն է, բարդ է և շատ մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինելու բարեփոխումների ներդրման համար։ Մենք հասկանում ենք, որ լրացուցիչ աշխատանքները դեռ ամփոփման փուլում են։ Պետք է ասեմ, որ հստակ է քաղաքական խոստումը և մոտեցումը, որ մեր երկիրը պետք է գնա առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով»,- նշել է նախարարը

Ավանեսյանն ընդգծել է, որ համակարգի ներդրման նպատակն է բարելավել ծառայությունների հասանելիությունը, նվազեցնել քաղաքացիների առողջապահական ծախսերի բեռը և բարձրացնել արվող ծախսերի արդյունավետությունը։

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը նախատեսվում էր ներդնել 2024-ից փուլային եղանակով: Հայտարարվել էր, որ փաթեթի գինը չի հաշվարկվելու մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ ունենալու է հաստատուն ծառայությունների արժեք: Նախատեսվում էր, որ 2025-ից պետության կողմից կներառվեն թոշակուռները՝ կօգտվեն ապահովագրական փաթեթի ամբողջ ծառայություններից, իսկ 2027-ից՝ պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---