Կառավարությունը մտադիր է պարտադիր լիցենզավորման համակարգ ներդնել ռիելթորական ծառայությունների ոլորտում

Կառավարությունը մտադիր է պարտադիր լիցենզավորման համակարգ ներդնել ռիելթորական ծառայությունների ոլորտում

PanARMENIAN.Net - Կառավարությունը նպատակ ունի կարգավորելու ռիելթորական գործունեության ոլորտը և մտադիր է պարտադիր լիցենզավորման համակարգ ներդնել ռիելթորական ծառայությունների ոլորտում։

Նախագծերի միասնական կայքում հրապարակված «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի և հարակից այլ օրենսդրական փաթեթների ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է ոլորտի արդի խնդիրներով և միջազգային փորձի համեմատական վերլուծությամբ։ Հայաստանում ռիելթորական գործունեությունը ներկայումս իրականացվում է առանց օրենսդրական կարգավորման, ինչը հանգեցրել է մի շարք խնդիրների, մասնավորապես՝ ոլորտում բացակայում են պարտադիր որակավորման չափանիշները և էթիկայի կանոնները, ինչը նվազեցրել է մատուցվող ծառայությունների մակարդակը, հայտնում է Factor.am-ը։

Ծառայությունների ոչ պատշաճ որակը նվազեցրել է հասարակության վստահությունը ոլորտի նկատմամբ, անհատ միջնորդները հիմնականում գործում են հարկման դաշտից դուրս՝ խաթարելով պետական բյուջեի եկամուտների ավելացման հնարավորությունները։

Նախագծի հիմնական նպատակներն են կարգավորել ռիելթորական ծառայությունների մատուցման գործընթացը, սահմանել մասնագիտական և էթիկական չափանիշներ, ապահովել ծառայությունների որակի բարձրացում և ստվերից դուրս գալու հնարավորություն, ներդնել միասնական տեղեկատվական բազա՝ տվյալների հասանելիության և թափանցիկության ապահովման համար։

Նախատեսվում է սահմանել որակավորման և վերապատրաստման պահանջներ, կներդրվի պարտադիր լիցենզավորման համակարգ, որը վերահսկվելու է լիազոր մարմնի կողմից, կստեղծվի միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա վերահսկելու գործարքների ամբողջականությունը։ Նախատեսվում է նաև ոլորտի սուբյեկտների գործունեությունը հարկման դաշտ տեղափոխելու մեխանիզմներ։

Օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է ռիելթորական ծառայությունների որակի էական բարձրացում հասարակության վստահության վերականգնում ոլորտի նկատմամբ, ստվերային հատվածի նվազեցում և պետական բյուջեի եկամուտների ավելացում, մասնագիտական մակարդակի բարելավում և ռիելթորների գործունեության թափանցիկության ապահովում, թվային գործիքների և միասնական տեղեկատվական համակարգի կիրառման միջոցով ծառայությունների արդյունավետության բարձրացում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---