ՀՀ–ում 2024–ի ապրիլից մետապնևմավիրուսի դեպք չի գրանցվել![]() 7 հունվարի 2025 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2024-ի ապրիլից մինչև այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևմավիրուս (hMPV) չի հայտնաբերվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ ՀՀ–ում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմավիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Մարդու մետապնևմավիրուսը (hMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով: Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ: Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է՝ Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։ Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ, Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները, Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով, Պարբերաբար օդափոխե՛ք տարածքներ, Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ: «Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ՝ հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշտապես կապի մեջ է գտնվում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ և հետագա թարմացումների մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |