Փաշինյան․Արդար ժողովրդին Աստված կօժտի արդար լիդերներով, անարդար ժողովուրդը կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից

Փաշինյան․Արդար ժողովրդին Աստված կօժտի արդար լիդերներով, անարդար ժողովուրդը կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Բանտային օրագիր. տասը արդարներից մեկը» վերնագրով գրառումը՝ անդրադառնալով անհատի և ժողովրդի պատասխանատվությանը գլոբալ գործընթացներում։

«Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից»,– գրել է Փաշինյանը։

Գրառման մեջ նա անդրադարձել է պատմական և աստվածաշնչյան համատեքստին՝ շեշտելով, որ պատմության ընթացքը կարող է պայմանավորված լինել ոչ միայն խոշոր գործիչների, այլև շարքային մարդկանց վարքով։

Ըստ նրա՝ լիդերներին պատասխանատվության կանչելը «շարքային քաղաքացիների» ամբողջության, այսինքն՝ ժողովրդի գործն է։

Նա հատկապես ընդգծել է Սոդոմի կործանման պատմությունը, որտեղ քաղաքը կործանվեց ոչ միայն իշխանների ու մեծատունների մեղքերի պատճառով, այլև շարքային բնակիչների՝ արդար չլինելու պատճառով։

«Ես հասկանում եմ բոլոր այն քաղաքացիներին, այսպես կոչված՝ «շարքային քաղաքացիներին», ովքեր պնդում են, թե իրենք պատմական պատասխանատվություն կրող սուբյեկտ չեն, և պատասխանատվությունը քաղաքական, մտավորական, հոգևոր այրերի ուսերին է։ Սա ճշգրիտ դիրքորոշում է, և լիդերները պետք է մշտապես զգան իրենց պատասխանատվությունը։ Բայց լիդերներին պատասխանատվության կանչելը «շարքային քաղաքացիների» ամբողջության, այսինքն՝ ժողովրդի գործն է։

Գուցե սա հենց այն գործն է, որ պետք է համարվի արդարություն։ Ամեն դեպքում՝ տանն իր հոգսի մեջ փակված ու հեռու ամեն քաղաքացի պատմական առաքելություն ունի. տասը արդարներից մեկը դառնալու առաքելություն։ Իսկ երբ անարդարությունը բախում է իր դուռը, նա պետք է դուրս գա իր տնից և իր արդարությունը հաստատի նաև փողոցում։

Ինչ վերաբերում է լիդերներին, արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով։ Անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---