ՄԻՊ–ը չհայտարարված այցով եղել է «Արթիկ» ՔԿՀ-ում

ՄԻՊ–ը չհայտարարված այցով եղել է «Արթիկ» ՔԿՀ-ում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 24-ին անակնկալ այց է կատարել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու հաստատության պայմաններին։

ՔԿՀ-ի պետ Լևոն Հովհաննիսյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ նա շրջել է հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատազրկված անձանց պահման պայմանները։

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում՝ օտարերկրացիների և ցմահ ազատազրկվածների, ովքեր ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները։

Ազատազրկված անձինք բարձրացրել են մի շարք հարցեր՝ կապված անվտանգային գոտու կարգավիճակի հնարավոր փոփոխության, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, անձը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման, զբաղվածության, աշխատելու հնարավորությունների և առողջապահական իրավունքների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն կուսումնասիրի բարձրացված խնդիրները և անհրաժեշտ առաջարկներ կներկայացնի համապատասխան մարմիններին։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պետությունն ունի պատասխանատվություն ազատազրկված և իր իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների երաշխավորման հարցում։

ՄԻՊ-ի անմիջական ուշադրության կենտրոնում են մնում ազատազրկման վայրերում իրավունքների պաշտպանության հարցերը։

Նա կարևորել է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքի պատշաճ պայմանների ապահովման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս հարցերը նույնպես կքննարկվեն իրավասու մարմինների հետ հաղորդակցության ընթացքում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---