ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ճապոնիան կնպաստեն փախստական երեխաների հոգեբանական աջակցությանը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ճապոնիան կնպաստեն փախստական երեխաների հոգեբանական աջակցությանը

PanARMENIAN.Net - Հայաստանում մոտ 300,000 երեխա և դեռահաս աջակցություն կստանա կրթական, առողջապահական և սոցիալական ծրագրերի միջոցով՝ նպաստելով նրանց հոգեկան առողջության և սոցիալական բարեկեցության բարելավմանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ճապոնիայի կառավարությունը հայտարարություն են տարածել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող նոր նախաձեռնության մասին, որի արժեքը գերազանցում է 3 միլիոն դոլարը։ Այս ծրագիրը նախատեսված է ամբողջ Հայաստանի տարածքում հայ փախստական երեխաներին ու դեռահասներին, ինչպես նաև նրանց հետ մեկտեղ ապրող տեղացիներին հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրելու համար, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը։

Նախաաձեռնության շնորհիվ հնարավորություն կընձեռվի ընդլայնել հոգեկան առողջության աջակցությունը ոչ միայն երեխաներին ու դեռահասներին, այլև մոտ 150,000 ծնողի։ Բացի այդ, ներգրավվելու են տարբեր ոլորտների 5600 մասնագետներ, որոնք անմիջականորեն աշխատում են երեխաների հետ։

Ծրագիրը նախատեսում է կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների շրջանակում տրամադրել հոգեկան առողջության աջակցություն՝ ապահովելով ոլորտների միջև համակարգված մոտեցում։

Տեղական մակարդակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի մասնագետներին՝ հոգեբաններին, սոցիալական աշխատողներին և բուժաշխատողներին, տրամադրելով վերապատրաստումներ, խորհրդատվություն և աջակցման մեխանիզմներ, որոնք թույլ կտան նրանց կիրառել հոգեկան առողջության խթանման արդիական գործիքներ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի նաև աշխատանքը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ մշակելու քաղաքականություններ և վերահսկողության մեխանիզմներ, որոնք կօգնեն կարգավորել հոգեկան առողջության ծառայությունների մատուցումը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում է առողջապահական ոլորտում իր գործընկերների հետ համատեղ մշակել նոր մեթոդներ, որոնք կօգնեն վաղ փուլում հայտնաբերել հոգեկան առողջության խնդիրները և տրամադրել համապատասխան աջակցություն։ Արդյունքում կմշակվեն վերապատրաստման և խորհրդատվության ստանդարտացված փաթեթներ, որոնք նախատեսված են առողջապահական ոլորտի մասնագետների համար։

Բացի այդ, կանցկացվեն խորհրդատվական հանդիպումներ փախստական երեխաների, նրանց հյուրընկալող համայնքների հասակակիցների և ծնողների հետ՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ։

Հոգեբանական աջակցության հասանելիությունն ընդլայնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում է նաև կազմակերպել վերապատրաստումներ առաջնային օղակի մասնագետների՝ հոգեբանների, սոցիալական աշխատողների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների համար։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ կսկսվի փորձնական ծրագիր, որի շրջանակում հոգեկան առողջության ծառայություններ կմատուցվեն տասը դպրոցներում՝ ստեղծելով մոդել, որը հետագայում կարող է կիրառվել ողջ երկրի տարածքում։

Վերջին նախաձեռնություններից է նաև երիտասարդական աշխատողների համար աջակցության տրամադրումը՝ նրանց մասնագիտական հմտությունները զարգացնելու և երիտասարդների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Ավելին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստվում է մշակել ուսուցողական նյութեր, որոնք կօգնեն երեխաներին ու դեռահասներին զարգացնել սոցիալ-հուզական հմտություններ, հոգ տանել իրենց հոգեկան առողջության մասին և դիմակայել դժվարություններին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---