ՆԳՆ-ն զգուշացնում է՝ արտարժույթի բարձր փոխարժեքի առաջարկները կարող են խարդախություն լինել

ՆԳՆ-ն զգուշացնում է՝ արտարժույթի բարձր փոխարժեքի առաջարկները կարող են խարդախություն լինել

PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ սոցիալական ցանցերում տարածվում են բազմաթիվ հայտարարություններ, որոնցով քաղաքացիներին առաջարկվում է փոխանակել արտարժույթ, հիմնականում՝ ռուբլի, նշվածից բարձր փոխարժեքով, քան օրինական փոխանակման կետերում։

ՆԳՆ–ն զգուշացնում է, որ գործում է խարդախության սխեմա։

Նշվում է, որ հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին և արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես ասած է լինում, թե ինքն իբր շատ զբաղված է և գումարը կվերցնի իր մտերիմը՝ նկատի ունենալով վարորդին, որը առևտրի կենտրոնի տարածքում կփոխանակի գումարն ու կվերադառնա, ուստի անհրաժեշտ է գումարը տալ նրան ու սպասել ավտոմեքենայում։

Վարորդը վերցնում է փոխարկվող գումարը, մտնում է առևտրի կենտրոն և չի վերադառնում։ Խարդախի ծուղակում հայտնված անձը, թանկարժեք ավտոմեքենայում սպասելով, չի էլ մտածում, որ դա վարձույթով վերցված է կամ էլ վարորդն ամենևին էլ հանցավորի մտերիմը չէ։ Այսպիսով՝ քաղաքացին չի ստանում իրեն հասանելիք գումարը՝ մնալով ձեռնունայն։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք կատարել արտարժույթի փոխանակում միայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային գործակալների միջոցով՝ խարդախության զոհ չդառնալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---