Մարությանին քաղաքապետարանի շենք մտնելը և ելույթ ունենալն արգելելը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մարությանին քաղաքապետարանի շենք մտնելը և ելույթ ունենալն արգելելը ճանաչվել է ոչ իրավաչափ

PanARMENIAN.Net - Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել 2024թ. մարտի 12-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելը, ավագանու նիստին ելույթ ունենալը արգելելու գործողությունները: Վճիռը կայացվել է հունիսի 10-ին:

Քաղաքապետարանից և ՆԳՆ-ից դատարանը նաև որոշել է հօգուտ Մարությանի բռնագանձել 10,000 դրամ՝ որպես պետական տուրքի փոխհատուցում։ Վճիռն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս անց, որի ընթացքում կողմերը կարող են բողոքարկել այն վերաքննիչ կարգով։

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարն ավելի վաղ գրավոր դիմել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ առաջարկելով, որ Մարությանը 2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը 09։00-ին, ներկայանա քաղաքապետարան՝ մասնակցելու ավագանու նիստին։ Ի պատասխան՝ քաղաքապետարանից տեղեկացրել են, որ քաղաքապետարանի և ՆԳՆ ոստիկանության համատեղ հրամանի համաձայն, ավագանու նիստերի օրերին արգելվում է այլ անձանց մուտքը Արգիշտի փողոցի 1 հասցեում գտնվող մասնաշենք։

Նույն խմբակցության ղեկավարը մարտի 4-ին կրկին դիմել է քաղաքապետարանի աշխատակազմ՝ առաջարկելով ապահովել, որպեսզի Մարությանը մարտի 5-ից մինչև մարտի 31-ն ընկած աշխատանքային օրերին կարողանա մուտք գործել շենք։ Այս դիմումը մնացել է անպատասխան։

Հետագայում նույն օրը՝ մարտի 12-ին, ևս մեկ գրություն է ուղարկվել՝ Մարությանի մուտքն այդ օրը ժամը 10։00-ից ապահովելու նպատակով, սակայն կրկին մերժում է ստացվել՝ նույն հիմնավորմամբ։ Նշված օրը Մարությանը չի կարողացել մուտք գործել քաղաքապետարանի շենք։

Դրանից հետո Մարությանը հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ-ի՝ պահանջելով փոխհատուցում, ինչպես նաև իր պատվի, արժանապատվության և գործարար համբավի վերականգնում։ Նա նշել է նաև, որ նույն իրավիճակի կրկնման ռիսկը մնում է առկա։

Դատարանում քաղաքապետարանը վկայակոչել է համատեղ հրամանի դրույթները՝ պնդելով, թե Մարությանը չի համարվում քաղաքապետարանի շենք մուտք գործելու իրավունք ունեցող անձ։ ՆԳՆ-ն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, բայց դատաքննության ժամանակ դեմ է արտահայտվել հայցին։

Վարչական դատարանը հաստատել է, որ Մարությանը «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից հրավիրվել է մարտի 12-ի նիստին ելույթ ունենալու համար, սակայն նրան թույլ չի տրվել մուտք գործել շենք։

Դատարանը նշել է, որ վեճը վերաբերում է համատեղ հրամանի հիմքով մուտքի արգելքին։ Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ ավագանու նիստերին իրավունք ունեն մասնակցել և ելույթ ունենալ նաև այլ անձինք, եթե հրավիրվել են քաղաքապետի կամ ավագանու խմբակցությունների կողմից։

Համատեղ հրամանը, ինչպես նշել է դատարանը, չի կարող գործել բացարձակ բոլոր դեպքերում, քանի որ այն հակասում է օրենքի տրամաբանությանը։ Եթե օրենքը տալիս է նիստին մասնակցելու իրավունք, ապա այդ անձանց մուտքը պետք է ապահովվի։

Դատարանը եզրահանգել է, որ համատեղ հրամանի հիմքով արգելվել է մի անձի մուտքը, որը, ըստ օրենքի, իրավունք ուներ ներկա լինելու ավագանու նիստին՝ ելույթ ունենալու և հարցերին պատասխանելու նպատակով։

Դատարանը արձանագրել է, որ «12.03.2024 թվականին Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելը, ավագանու նիստին ելույթ ունենալը, հարցեր տալը և հարցերին պատասխանելը արգելելու գործողությունները եղել են ոչ իրավաչափ»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---