Դաշնակցությունը չի ստորագրի Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի եզրափակիչ արձանագրությունը

PanARMENIAN.Net - Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների առնչությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.«Երեւանի ավագանու ընտրությունները մենք դիտարկում էինք իբրեւ քաղաքական համակարգի կայացման, մայրաքաղաքի կառավարման նոր մոդելի ձեւավորման, 2008թ. Նախագահական ընտրություններից հետո ստեղծված առճակատման ու թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, հասարակության համախմբման հնարավորություն:



Մենք նաեւ հավատում էինք, որ արդարացի ընտրությունների պարագայում առիթ կընձեռվի երկրում ժողովրդավարության հիմքերն ամրապնդելու եւ ապացուցելու, որ կարող ենք զարգացման նոր Ճանապարհ դուրս գալ: Ցավոք այդպես չեղավ.



Հերթական անգամ կատարվեց այն, ինչ տեղի էր ունեցել նախկինում: Դարձյալ ընտրություններում դերակատար եղան թաղային եւ օլիգարխիկ հեղինակությունները, ընտրակաշառքը, վարչական լծակների օգտագործումը:



Փաստորեն` գաղափարական մոտեցումները, ծրագրային հարցադրումները, նպատակային անելիքները որոշիչ չեն դառնում մեր քաղաքացիների մեծամասնության ընտրության հարցում:



Անկախ այն հանգամանքից, թե որքանով է ավագանին ձեւավորող քաղաքական ուժերի համամասնությունը համապատասխանում մայրաքաղաքում նրանց ունեցած իրական վարկանիշին, համայնքային այս ընտրությունների արդյունքում ՀՅ Դաշնակցության արձանագրած արդյունքի պատճառները մենք հակված ենք փնտրել միայն մեր աշխատանքի մեջ: Մենք` պարտավոր էինք մեր հավաքական եւ անձնական օրինակով ապացուցել եւ ժողովրդին հասանելի դարձնել մեր դավանած ճանապարհի ճշմարտացիությունը:



Միեւնույն ժամանակ արձանագրում ենք, որ ընտրությունները չընթացան գաղափարական ծրագրային հիմքի վրա, եւ այս առումով ՀՅԴ-ի եւ նրա քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանի ջանքերը ըստ արժանավույնս չարդյունավորվեցին: Ցավոք, մեր քաղաքացիները շարունակում են հիմնականում քվեարկել` տուրք տալով իշխանությունների վարչական ճնշամիջոցներին, ընտրակաշառքներին եւ ամբոխավարությանը:



Իրավական առումով Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված խնդիրներ հարուցելը գտնում ենք անօգուտ եւ աննպատակահարմար: Բայց մեր քաղաքական եզրակացությունը հստակ է. նմանատիպ ընտրությունները հանցավոր անպատասխանատվություն են մեր պետության, ժողովրդի եւ մեր երեխաների հանդեպ եւ Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ:



Առանց մատնանշելու կոնկրետ ընտրախախտումները` ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչը, որպես շարունակական արատավոր այս երեւույթների նկատմամբ քաղաքական անհամաձայնության արտահայտություն չի ստորագրելու այս ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը:



Միեւնույն ժամանակ կոչ ենք անում իշխանություններին, անհրաժեշտ նախադեպ ստեղծելով քաղաքական կամք դրսեւորել եւ կեղծիքներով ու ընտրախախտումներով առավելապես աչքի ընկած ընտրատեղամասերում ընտրությունները ճանաչել անվավեր», - նշվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---