Սեւանի շրջակայքում ոսկու վերամշակման գործարանի կառուցման կանխումն ազգային նշանակություն ունի

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրը, որի նախաշեմին այսօր «S.O.S Սեւան» հասարակական շարժումը ներկայացնում է Սեւանի ավազանի էկոհամակարգի ամբողջականության պահպանմանն ուղղված պայքարի արդյունքները:



Մեկ տարի առաջ մի շարք ՈԿԿ-ից բաղկացած նախաձեռնող խումբը, մտահոգված լինելով բնապահպանական աղետի սպառնալիքով, մի շարք ակցիաներ է անցկացրել:



Ըստ ՀՀ «Սեւանա լճի մասին» օրենքի, Սեւանի ավազանում արգելվում է լեռնա-արդյունաբերական գործարանների կառուցումը: Սակայն, Արարատյան դաշտավայրում եւ Զոդում ոսկու վերամշակման գործարանների սեփականատեր «GeoProMining» ընկերությունն որոշել է ոսկու վերամշակման գործարան կառուցել անմիջապես Զոդում, որը գտնվում է Սեւանի ափին, նախապես հասնելով օրենքի վերանայմանը: Այս նախագծի նպատակը հետագա վերամշակման նպատակով հանքանյութի տեղափոխման ծախսերը կրճատելն է:



«GeoProMining» ընկերության պատվերով ՀՀ ԳԱԱ կազմում ընդգրկված 3 կազմակերպություններ փաստաթուղթ են նախապատրաստել շրջակա միջավայրի վրա այդ գործարանի ազդեցության վերաբերյալ: Ըստ «S.O.S Սեւան» ՈԿԿ-ի նախաձեռնող խմբի ղեկավար Ինգա Զառաֆյանի, դա ապացուցում է, որ «GeoProMining» ընկերությունը մտադիր է հասնել օրենքի վերանայմանը, քանի որ ընկերության ղեկավար Դիմա Կալանդաձեն հակառակ դեպքում սպառնացել էր ընդհանրապես հրաժարվել Զոդի հանքավայրից:



«Հայաստանի պես երկրներում հանքանյութի արդյունահանման ու վերամշակման գործընթացներն անց են կացվում կայծակնային արագությամբ: Որից հետո մնում են ամայացած տեղանքի հազարավոր հեկտարներ ու ախտահարված ջրեր»,-լրագրողների հետ հանդիպմանը ասել է Ինգա Զառաֆյանը: Իսկ Սեւանա լիճը, ըստ նրա, յուրօրինակ էկոհամակարգ է քաղցրահամ ջրի 33 մլրդ խ.մ պաշարով, որի վարակման վտանգը միանգամայն իրական կդառնա «GeoProMining» ընկերության նախագծի իրականացման դեպքում:



«S.O.S Սեւան» հասարակական շարժումը պայքարի հաջորդ փուլը մտադիր է անցկացնել աշնանը, երբ պաշտոնապես կհրապարկվեն Բնապահպանական կենտրոնի, երկրաբանության ինստիտուտի եւ Կենդանաբանության կենտրոնի կատարած հետազոտությունների արդյունքները:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---