ՀԱՊԿ երկրները բարձր են գնահատել Հայաստանի նախագահության ընթացքում արձանագրված արդյունքները

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվեցին կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, ընդունվեցին կազմակերպության հետագա ամրապնդման եւ կատարելագործման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ մի շարք որոշումներ:



Նիստին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդես եկավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքականության համադրման ուղղությամբ կատարված աշխատանքները ամփոփող զեկույցով: Էդվարդ Նալբանդյանը անդրադարձավ 2008 թ. սեպտեմբերից կատարված աշխատանքներին. Նյու-Յորքում եւ Հելսինկիում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպումներին, երրորդ երկրներում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների խորհրդակցություններին, համադրմանն ուղղված այլ միջոցառումներին:



ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները բարձր գնահատեցին կազմակերպությունում Հայաստանի նախագահության ընթացքում արձանագրված արդյունքները` ընդգծելով արտաքին քաղաքականության համադրման բնագավառում մեխանիզմների իրագործման արդյունավետությունը:



ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ներկայացվելիք փաստաթղթերի փաթեթը, այդ թվում` ՀԱԽ «ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասին» որոշման կատարման ընթացքի մասին փաստաթղթերը:



Նախարարների խորհրդի նիստին անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության ընդլայնման հարցերին: Արտգործնախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի եւ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվեցին եւ հավանության արժանացան Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ներկայացվելիք մի շարք փաստաթղթեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---