Սահակաշվիլու Երեւան կատարելիք այցի նախաշեմին վրացական իշխանությունները ոտնահարում են Ջավախքի հայության իրավունքները

PanARMENIAN.Net - Վրացական իշխանությունների հետեւողական քաղաքականությունը Սամցխե-Ջավախքում հայերի իրավունքները ոտնահարելու ուղղությամբ վերջերս նոր, ավելի կոպիտ եւ բացահայտ դրսեւորումներ է ստացել: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին «Երկիր» միությունը, Վրաստանի ազգային անվտանգության ծառայություն են կանչվել եւ հարցաքննվել ջավախական դպրոցների ուսուցիչներ, որոնք պատրաստավում էին վերապատրաստման համար այցելել Հայաստան:



«Շարունակվում են կոպիտ խախտել Ջավախքի քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի իրավունքները, որն ապրիլի 7-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման ցույցեր եւ միտինգներ կազմակերպելու համար: Բացի դրանից, հունիսի 19-ին Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին, որը հայտնի է ջավախքահայության մասին իր հրապարակային հայտարարություններով, առանց պատճառները բացատրելու արգելվել է մուտքը Վրաստան»,- նշվում է միության հայտարարությունում:



Համաձայն հայտարարության, վրացական իշանությունները, մտահոգված լինելով ջավախքահայության իրավունքների ոտնահարման իրենց քաղաքականության նկատմամբ Հայաստանում, սփյուռքում եւ միջազգային հանրության մոտ աճող դժգոհությունից, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Հայաստան կատարելիք այցի նախօրյակին հակահայկական հալածանքները խստացնելու միջոցով փորձում են դրսեւորել ջավախքահայության իրավունքների հարցում իրենց անզիջում կեցվածքը` համապատասխան տնտեսական ճնշում գործադրելով Հայաստանի իշխանությունների վրա, ստիպելով նրանց նոր զիջումների:



«Երկիր» միությունը կոչ է անում վրացական իշխանություններին հասկանալ, որ հալածանքները միայն խորացնում են առկա դժգոհությունը` Հայաստանում եւ սփյուռքում ավելի արմատավորելով այն գիտակցությունը, որ ջավախքահայության օրինական իրավունքների համար պայքարը համահայկական պայքար է: Հետեւաբար, ջավախքահայության խնդիրը միջպետական հարաբերությունների ոլորտ տեղափոխելը եւ այդ հարթության վրա ճնշման տնտեսական լծակների օգտագործման միջոցով դրանց լուծում տալու վրացական իշխանությունների փորձերը դատապարտված են ձախողման:



Միությունը հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի եւ սփյուռքի կառույցները, միջազգային կազմակերպությունները պարտավոր են գործուն քայլեր ձեռնարկել Ջավախքում հետզհետե խորացող ճգնաժամը կանգնեցնելու եւ ջավախքահայության խնդիրներին մարդու եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին համապատասխան լուծում տալու ուղղությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---