Ռուս-վրացական պատերազմը կարող է վերսկսվե՞լ հուլիսի 6-ից հետո

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Ռուսաստանի հարավում, ինչպես նաեւ Հայաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում կսկսվեն «Կովկաս-2009» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները: Նախօրեին մի շարք փորձագետներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում հայտարարել էին, որ այդ զորավարժությունները կարող են Վրաստանի հետ նոր պատերազմի պատճառ դառնալ: Ըստ բրիտանական The Times թերթի, զորավարժությունների անցկացումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ՌԴ կատարելիք այցի շեմին ոչ այլ ինչ է, քան ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության փորձերի ձախողման ցուցադրություն»:



The Times վարկածը նախօրեին ճշտությամբ կրկնել է տնտեսական վերլուծության ինստիտուտի նախագահ Անդրեյ Իլարիոնովի հայտարարությունը, ըստ որի ռուս-վրացական պատերազմը կարող է վերսկսվել հուլիսի 6-ից հետո: Այդ օրը կավարտվեն «Կովակաս-2009» զորավարժությունները, բացի այդ, հենց հուլիսի 6-ին է Մոսկվա ժամանում ԱՄՆ նախագահը: Որպես Վրաստանի հետ պատերազմը շարունակելու նախապատրաստություն ՌԴ նախագահի նախկին խորհրդական Իլարիոնովը համարում է Ռուսաստանի իրական գործողությունները, որոնք նպաստում են ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունների դուրս բերմանը հակամարտության գոտուց, ինչպես նաեւ հաճախակի դարձած ահաբեկչական գործողությունները, այդ թվում նաեւ եվրոպացի դիտորդների դեմ: Կրեմլի այժմյան ընդդիմադիրը ենթադրում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակը կարող է դառնալ որպես ինքնիշխան պետության Վրաստանի գոյության դադարեցումը եւ նրա փլուզումը մի քանի փոքր կվազիպետությունների:



Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ հնարավոր ռազմական գործողությունների մասին արդեն իսկ մեկ շաբաթ է, ինչ խոսում են նաեւ շատ վրացի քաղաքական գործիչներ, այդ թվում նաեւ նախագահ Միխաիլ Սահակաշվիլին: Իրոք, իրավիճակի բարդացման մի շարք նշաններ ռազմաքաղաքական ոլորտում ակնհայտ են: Ասենք, Ռուսաստանը հրաժարվեց օտարերկրյա դիտորդների ներգրավել «Կովկաս 2009» զորավարժություններին: Ընդ որում զորավարժություններին ցամաքային զորքերից բացի մասնակցում են Սեւծովյան նավատորմն ու Կասպից նավատորմը, ինչպես նաեւ ՌՕՈւ-ի հիմնական մասերն ու միավորումները: Ընդամենը զորավարժություններին կմասնակցեն 8,5 հազար զինծառայողներ, այդ թվում դեսանտային զորքերի ստորաբաժանումներ, ծովային հետեւակի բրիգադներ: Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկային, ապա խոսքը գնում է տասնյակ ուղղաթիռների ու ինքնաթիռների մասին, շուրջ 200 տանկերի, 450 մարտական մեքենաների եւ 250 հրետանային սարքերի մասին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:



Գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչովը, որը եղել է Անդրկովկասում Ռուսաստանի զորքերի խմբի հրամանատարը, կարծում է, որ այսօր ռազմական գործողությունների վերսկսումը Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ «քիչ հավանական է»: «Եթե, իհարկե, Սահակաշվիլին չգնա բացահայտ սադրանքի,-ասել է թերթի զրուցակիցը: Սակայն դա քիչ հավանական է Վրաստանի ներքին անկայունության պայմաններում»: Ըստ փորձագետի, ռազմական հակամարտությունը Վրաստանում օտարերկրյա զորքերի մասնակցությամբ (պարտադիր չէ ռուսական) հնարավոր է «Ջավախքում անջատողական տրամադրությունների կտրուկ բորբոքման դեպքում, որտեղ կոմպակտ բնակվում է մեծ հայկական համայնք»: Նետկաչովը հիշում է, որ, երբ նա ժամանակին այցելել էր Ախալքալաքում տեղակայված ռուսական ռազմակայան, «տեղի հայ առաջնորդները հայտարարում էին այն մասին, որ պատրաստ են անջատվել Վրաստանից եւ մտնել Հայաստանի կազմի մեջ»: Ըստ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ընդդիմության ներկայացուցիչ Պաատա Դավիթայաի, այն, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը Ջավախքում սրվում է, փաստ է: Խորհրդարանականը դրանում տեսնում է Մոսկվայի ձեռքը, «որը միշտ սատարել է անջատողականությանը նախկին ԽՍՀՄ տարածքում»: Սակայն Դավիթայան ժխտում է «ղարաբաղյան սցենարի իրագործման հնարավորությունը Վրաստանի այդ տարածքում»:



«Ջավախքում Ռուսաստանի պատերազմի ծավալումն անիրատեսական է: Եթե այնտեղ հակամարտություն սկսվի, ապա Մոսկվան այն լուծելու է քաղաքական մեթոդներով: Ռուսաստանի ու Վրաստանի դիմակայությունը շահավետ է Արեւմուտքին ու Սահակաշվիլիին: Ահա թե ինչու են նրանք սրում իրավիճակը: Թեեւ ես համոզված եմ, որ Մոսկվան երբեք առաջինը պատերազմ չի հրահրի Թբիլիսիի դեմ: «Կովկաս-2009« զորավարժություններից հետո պատերազմ չի լինի: Ես դրանում համոզված եմ»,-գտնում է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---