Մաթևոսյան․ ՀՀ-ն պատրաստ է COP17-ը վերածել իրական գործողությունների հարթակի![]() 27 հունիսի 2026 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթվա ընթացքում բարձր մակարդակի քննարկումներին ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր։ Նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով՝ միավորելով միջազգային գործընկերներին ընդհանուր նպատակի շուրջ՝ գործելու հանուն բնության։ «Finance and Nature Dialogue» և The Road to COP17 Yerevan» բարձր մակարդակի միջոցառումների ժամանակ նա ներկայացրել է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկրի և նախագահության տեսլականը։ Մաթևոսյանը նշել է, որ Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակը ձևավորել է հստակ նպատակներ, սակայն դրանց իրականացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ քաղաքական հանձնառությունները վերածվեն գործնական քայլերի և իրական ներդրումների։ Նա ընդգծել է, որ բնության պահպանության ֆինանսավորումը մեր ժամանակի առանցքային մարտահրավերներից մեկն է։ Հանրային միջոցները կարևոր նշանակություն ունեն, սակայն բավարար չեն կենսաբազմազանության ֆինանսավորման բացը հաղթահարելու համար։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խթանել մասնավոր ներդրումները, զարգացնել հուսալի տվյալների և հաշվետվողականության համակարգերը, ձևավորել ներդրումային վստահություն և ստեղծել բնությանը նպաստող ծրագրերի իրական և կենսունակ պորտֆելներ։ Մաթևոսյանն իր խոսքում կարևորել է նաև կառավարությունների, ֆինանսական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների, մասնավոր հատվածի, տեղական համայնքների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացումը։ Միջոցառումները կարևոր հարթակներ են հանդիսացել՝ քննարկելու այն քաղաքական և ֆինանսական լուծումները, որոնք կարող են արագացնել ներդրումների ներգրավումը բնության պահպանության ոլորտում և ձևավորել ամուր գործընկերություններ՝ ընդառաջ Երևանում կայանալիք COP17-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |