Հայաստանի կառավարությունը 44 մլն դոլար է հատկացրել լեռնահանքային արդյունաբերության զարգացման համար

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ծրագրով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Խորհրդակցության ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության որոշմամբ կոմբինատին հատկացվում է 14 մլն դոլար վարկ, ինչը երկարաժամկետ աշխատանքային հնարավորություն կստեղծի: Դա, ըստ նրա, կարեւոր է երկու տեսանկյունից` տնտեսական եւ սոցիալական: Տնտեսական առումով կարեւոր է, որ տրամադրված վարկն ուղղվի նոր սարքավորումների ձեռքբերմանը եւ արտադրողականության ավելացմանը: Ինչ վերաբերում է հարցի սոցիալական կողմին, ապա քաղաքացիներն արդարացիորեն բողոքում էին, որ կոմբինատն աշխատավարձի պարտք է կուտակել: «Կոմբինատի ղեկավարությունը մեզ հավաստիացրեց, որ այսուհետ վարկի տրամադրումից հետո աշխատավարձի գծով երբեւէ պարտքեր չեն կուտակվի: Երկրորդ` այն մեքենա-սարքավորումները, որ նրանք ձեռք են բերելու, հնարավորություն կընձեռեն գործարանի արտադրողականությունը բարձրացնել եւ այն երկարաժամկետ առումով դարձնել մրցունակ»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա նաեւ նշել է, որ կառավարությունը գործարանի հետ ունեցել է ճգնաժամի ազղդեցության ներքո աշխատողների քանակը 900-ից պակաս չլինելու պայմանավորվածություն: Այսօր տնօրինությունը վերահաստատել է այդ պայմանավորվածությունը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` տրամադրվող վարկով գործարանն ամբողջապես կմարի ունեցած պարտքը: Տնօրինությունը խոստացել է, որ մայիս-հունիս ամիսների պարտքը ամբողջությամբ կմարվի առաջիկայում: Գործարանն իր աշխատանքը կվերսկսի հուլիսի 1-ից:



«Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» եւ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ներին կառավարությունը հատկացնում է յուրաքանչյուրին 15 մլն դոլարի չափով վարկ: Վարչապետը նշել է, վարկը կուղղվի այնպիսի ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կնպաստեն արտահանման ծավալների ավելացմանը, կնվազեցնեն արտադրանքի ինքնարժեքը: Եվ քանի որ վարկը տրամադրելու համար որպես գրավ վերցվելու են գործարանի արտադրական հզորությունները եւ դրանով ձեռքբերվելիք սարքավորումները, ապա պետությունը երաշխավորված է, որ գումարները կվերադարձվեն: «Դա նշանակում է, որ մենք առաջին հերթին ապահովագրում ենք մեր ֆինանսական միջոցները կորուստներից եւ, մյուս կողմից, ստեղծում ենք նպաստավոր պայմաններ, որ վարկ ստացած ձեռնարկությունները ճգնաժամի պայմաններում չկորցնեն մրցունակությունը եւ էապես ավելացնեն արտահանման կարողությունները»,-ասել է վարչապետը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---