Հայաստանի ԱԳՆ ղեկավարը առաջարկել է Եվրոպական անվտանգության մասին պայմանագիր մշակել

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Հունաստանի Կորֆու կղզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նվիրված էր Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին: Հունաստանի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ անդամ երկրների 45 արտգործնախարարներ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ, ՆԱՏՕ եւ ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ:



Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Հայաստանի տեսակետները Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ:



«Նախկինում գործող անվտանգության պայմանավորվածությունները կապակցված էին այն իրականության հետ, որն այսօր փոխվել է: Եկել է ժամանակը մշակելու առավել արդյունավետ Եվրաատլանտյան անվտանգության համակարգ` միգուցե Եվրոպական անվտանգության պայմանագրի ձեւով, որտեղ հստակ կամրագրվի, որ համընդհանուր անվտանգությունը անբաժանելի է, որ պետությունները չեն կառուցում իրենց անվտանգությունը ուրիշների հաշվին, որ չի կարելի ճանաչել մեկի իրավունքը` մերժելով մյուսի նույն իրավունքը, երբ տեղ չունեն ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը, որտեղ բոլոր երկրները միավորում են իրենց ջանքերը ընդհանուր վտանգների դեմ պայքարելու համար: Այս բաղադրիչների առկայության դեպքում մենք կկարողանանք արդյունավետ դիմակայել առկա մարտահրավերներին», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:



ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը եւ ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---