Հոկտեմբերին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «ReAnimania» անիմացիոն կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-6-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «ReAnimania» անիմացիոն կինոփառատոնը:



«Միջազգային անիմացիոն կինոփառատոնի ստեղծման գաղափարն առաջացավ 3 տարի առաջ, իսկ բուն փառատոնը` այս տարի: Անվանումը պատահական չէ, քանի որ փառատոնի նպատակն է վերադարձնել տարածաշրջանում անիմացիոն ֆիլմերի ասպարեզում մրցակցությունից վեր գտնվող Հայաստանի երբեմնի համբավը: Ըստ տոկոսային ցուցանիշի, ՀՀ-ն դեռեւս շարունակում է մնալ տարածաշրջանի ամենաարդյունավետ երկիրն անիմացիայի ոլորտում»,-այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին:



Միջազգային անիմացիոն կինոփառատոնը կանցկացվի ամեն տարի աշխարհի հայտնի անիմատորների մասնակցությամբ եւ կունենա 15 ծրագիր` մրցութային, արտամրցութային, մանկական, հետահայաց եւ այլն:



Ըստ նրա, անկախ նրանից, որ փառատոնն անց է կացվում առաջին անգամ, ֆիլմերը կընտրվեն բավական բարձր չափանիշներով: Մասնակցության հայտերն ընդունվում են հունիսի 20-ից, իսկ վերջնական ժամկետը օգոստոսի 10-ն է: Այսօրվա դրությամբ ստացվել է 18 հայտ` 15-ը օտարերկրյա անիմատորներից, 3-ը` հայաստանցիներից:



«Փառատոնի նպատակն է Հայաստան բերել լավագույն անիմացիոն ֆիլմերն ու հավաքել երկրի անիմատորներին, ինչպես նաեւ օտարերկրյա մասնագետներին, շեշտը դնելով տարածաշրջանային համագործակցության, առաջատար անիմացիոն դպրոցների վրա»,-հավաստիացրել է Վ.Քասունին:



Փառատոնի շնորհիվ հայ հանդիսատեսը կկարողանա ամեն տարի ծանոթանալ անիմացիոն ֆիլմերի ամենահեղինակավոր «Անսի» (Ֆրանսիա) փառատոնի մրցանակային աշխատանքներին: «Անսի» եւ «ReAnimania» փառատոնների կազմակերպիչներն, ըստ Քասունիի, պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության մասին: «Անսին» արդեն ներկայացրել է իր լավագույն ֆիլմերի հավաքածուն:



Փառատոնի շրջանակներում տեղի կունենան սեմինարներ, վարպետության դասեր, ցուցադրություններ, քննարկումներ, ցուցահանդեսներ, ինչը թույլ կտա փորձի փոխանակում անել անիմացիոն արվեստի ոլորտում, ինչպես նաեւ կնպաստի հայ անիմացիոն արվեստի զարգացմանը եւ աշխարհում հայ անիմատորների աշխատանքների ներկայացմանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---