ՀՀ -ում Ուկրաինայի դեսպանատուն. Դնեպրոպետրովսկի մարզում հայկական ջարդերի մասին խոսք լինել չի կարող

PanARMENIAN.Net - Ուկրաինայի դեսպանատունը մտահոգություն է հայտնում ՀՀ առանձին ԶԼՄ-ներում անտեղի լարվածության բորբոքման կապակցությամբ` Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը, այսօր ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն հեռախոսազրույց է ունեցել այդ մարզի իրավապահ մարմինների պետ Անատոլի Նաումենկոյի հետ, որը հավաստիացրել է, որ իրավիճակը Մարգանեցում հանդարտ է, վերահսկվում է ՆԳՆ մարմինների կողմից:



«Ընդգծվել է, որ ոչ մի հայի տուն չի տուժել, ուստի զանգվածային հայկական ջարդերի մասին խոսք լինել չի կարող: Բոլոր մեղավորները կպատժվեն ըստ Ուկրաինայի օրենսդրության»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նաումենկոն մասնավորապես, նշել է, որ ծեծկռտուքին մասնակցել են հայազգի քաղաքացիներ երկու կողմից, ուստի ազգամիջյան բախման մասին խոսք լինել չի կարող:



Բոժկոն նաեւ հեռախոսազրույց է ունեցել հայ համայնքի գործադիր տնօրեն Անահիտ Արզումանյանի հետ, որն ընդգծել է, որ հայերին վտանգ չի սպառնում:



«Այս առնչությամբ ՀՀ -ում Ուկրաինայի դեսպանատունը կոչ է անում հայկական ԶԼՄ-ներին առավել հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել իրադարձություններին եւ թշնամանք ու անվստահություն չսերմանել»:



Հունիսի 28-ին Մարգանեց քաղաքում ծեծկռտուք է առաջացել տեղաբնակների երկու խմբերի միջեւ, որոնց կազմում եղել են նաեւ Ուկրաինայի հայազգի քաղաքացիներ: Դանակի հարվածից մահացել է 22-ամյա ոստիկանը, որը փորձել է միջամտել կռվին: Ըստ հայ համայնքի փաստաբան Ալլա Առաքելովայի, դրանից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել, տներ են հրկիզվել, ոչնչացվել է շուրջ 15 ավտոմեքենա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---