Իսրայելը լրջորեն ամրապնդվում է Կովկասում եւ այդ գործընթացը համալիր բնույթ է կրում

PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահի այցը Բաքու եւ ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունների զարգացման դինամիկան պատահական զուգադիպություն չեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի տնօրեն Անդրեյ Արեշեւը: Ըստ նրա, «Էթնոգլոբուս» կայքէջը նշում է, որ «Իսրայելի քաղաքական տեխնոլոգները նպատակաուղղված ու մանրակրկիտ կերպով աշխատում էին Ադրբեջանի հետ պաշտոնական շփումների ուղղությամբ: Բավականին ջանք են թափել նաեւ Արեւմուտքի հրեական կազմակերպությունները, որոնք Ադրբեջանի շահերը առաջ տանելու դիմաց պահանջել են պաշտոնական կապեր հաստատել Իսրայելի հետ եւ Ադրբեջանի դեսպանատուն բացել Երուսաղեմում»:



«Իրոք, Իսրայելը լրջորեն ամրապնդվում է Կովկասում եւ այդ գործընթացը համալիր բնույթ է կրում: Հիշենք թեկուզ իսրայելցի մասնագետների դերը վրացական բանակի նախապատրաստության գործում Հարավային Օսեթիայի դեմ հարձակման նախօրեին կամ անսպասելիորեն առաջածաց հետաքրքրությունը «չերքեսական խնդրի» հանդեպ: Դեռեւս դժվար է ասել, թե որքանով է Իսրայելը սեփական խաղ վարում Կովկասում, իսկ որքանով հանդես է գալիս որպես այլ, ավելի հզոր պետության գործակալ, որը չի հրաժարվել Ռուսաստանն ու Իրանը ապակայունացնելու իր մտադրություններից: Պարզամտություն կլիներ մտածել, թե Բաքվի ու Թել Ավիվի շփումների ինտենսիֆիկացումը գաղտնիք չէ նույն Իրանի կամ արաբական պետությունների դիվանագիտության համար: Հազիվ թե, «մահմեդական համերաշխության» կոչերը մոլորեցնեն որեւէ մեկին: «Եթե մեր գործընկերներն ու բարեկամները խնդիրներ ունեն միմյանց հետ, ապա մենք միշտ ելնում ենք նրանից, որ Ադրբեջանը չպետք է մի վայր հանդիսանա, որտեղ նրանք կպարզեն իրենց հարաբերությունները»,-ասում են Ադրբեջանում: Սակայն հետագա իրադարձությունները կախված են շատ գործոններից, այդ թվում նաեւ «գործընկերների» ու «բարեկամների» ազգային շահերի անհաշտությունից, որոնք մրցում են Կովկասում ազդեցությունն ամրապնդելու համար, ուստի հնարավոր են տարբեր սցենարներ»,-ասել է ռուս փորձագետը:



Նա նաեւ ընդգծել է, որ հասկանալի է ադրբեջանական դիվանագիտության ձգտումը` միաժամանակ գործել ամերիկա-իսրայելյան, «իսլամական» եւ ռուսական ուղղություններում, սակայն նման գերաճած բազմաուղղվածությունը հազիվ թե դրական արդյունք տա, ավելի շուտ հակառակը` անվստահություն կսերմանի Բաքվի համար բոլոր այստեղից բխող հետեւանքներով: Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար Բաքուն պետք է հրաժարվի ռազմատենչ հայտարարություններից եւ անմիջական բաց երկխոսություն սկսի Ստեփանակերտի հետ, գրում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---