Իլհամ Ալիեւ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ապագայի հարց է

PanARMENIAN.Net - «Մենք տեսնում ենք, որքանով է արդյունավետ Ռուսաստանի որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի դերը: Դա եւ Հռչակագրի ստորագրումն է Մոսկվայում, որը որոշում է լուծման ուղիները եւ հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների եւ միջազգային կազմակերպությունների որոշումների վրա, դա եւ ՌԴ-ի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների կազմակերպումն է»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա նշել է, որ վերջերս կրկին առաջարկ է եղել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին հանդիպել Ռուսաստանում: «Անցած հանդիպումը եւս արդյունավետ էր: Մենք տեսնում ենք Ռուսաստանի օգնելու անկեղծ ցանկությունը: Կան որոշակի արդյունքներ, բանակցային գործընթացը թեեւ դժվարությամբ, սակայն ընթանում է ճիշտ ուղղությամբ»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:



Ալիեւն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց մտահոգությունը: «Մենք պատրաստ ենք քննարկել ցամաքային կապի հարցը, որպեսզի այն հուսալի լինի, ապահով: Մենք ելնում ենք հակառակ կողմի մտահոգության ըմբռնումից: Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ապագայի հարց է, եւ այսօր քննարկվող առաջարկների մեջ կարգավիճակի հարցը այսօր չկա: Մենք, բնականաբար, հնարավոր չենք համարում Լեռնային Ղարաբաղի գոյությունը որպես ինքնուրույն պետություն, Ադրբեջանն երբեք չի համաձայնվի դրան եւ հայկական կողմը դա հասկանում է: Միաժամանակ հայկական կողմը գտնում է, որ ինքնակառավարման այն մակարդակը, որ կա Լեռնային Ղարաբաղում, պետք է պահպանվի: Այսօր մենք պետք է վերացնենք հակամարտության հետեւանքները, ապահովենք բոլոր ազգությունների քաղաքացիների անվտանգությունը, բացենք հաղորդակցությունները, հետո միայն հնարավոր կլինի հաշտությունը: Մենք չենք կարող մշտապես պատերազմական վիճակում ապրել եւ մենք պատերազմ չենք ուզում, չնայած որ հզորացնում ենք մեր ռազմական ներուժը, սակայն դա նրա արդյունքն է, որ հրադադարի 15 տարում մենք կարգավորման չենք հասել»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:



Ինչ վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին, ապա Ալիեւը նշել է, որ ինչ-որ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղը կունենա: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներում խոսքը գնում է «գրավյալ տարածքներից զորքերի փուլային դուրս բերման մասին, Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս»: «Առաջին փուլում համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո կսկսվի զորքերի դուրսբերումը հինգ շրջաններից: Երկու շրջաններից, որոնք Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ են` Քելբաջարի ու Լաչինի շրջաններից զորքերը դուրս կբերվեն համաձայնագրի կնքումից հինգ տարի անց: Մենք գտնում ենք, որ դա փոխզիջումային ժամկետ է»,-ասել է Ադրբեջանի նախագահը, հաղորդում է «Վեստի» հեռուստաալիքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---