Հյուրընկալությունը նույնպես պետք է սահմաններ ունենա

PanARMENIAN.Net - «Երբ Ստեփանակերտում Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին հայտարարում է, որ իր համար Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սահմաներ չկան, նրան ցանկացած ընդունելի ձեւով պետք էր հիշեցնել այն մասին, որ նա եկել է ուրիշ երկիր, այլ ոչ թե քաղաքավարի լռել ու ժպտալ»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:



Նա նաեւ ընդգծել է, որ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին ներկա դրությամբ ոչ միայն մշակութային գործիչ է, այլ նաեւ դիվանագիտական աստիճան ունի, այն պետության պաշտոնական ներկայացուցիչն է, որը կտրականապես չի ցանկանում ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը: Արդեն միայն այն, որ «ժողովրդական դիվանագիտություն» ակցիայի շրջանակներում, որն ուղղված էր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման հաստատմանը, Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին սկզբունքորեն հատեց ԼՂՀ սահմանը Ադրբեջանից եւ հայտարարեց, որ գտնվում է իր երկրում, խոսում է այն մասին, որ համեմատած 1990-ականների կեսերի հետ, այսօր Հայաստանը չի թելադրում ղարաբաղյան հակամարտության պայմանները: Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ հայկական դիրքորոշման թուլությունը ԼՂ հիմնահարցում հստակ հիմնադրույթի բացակայությունն է, ինչը երբեմն ստիպում է Հայաստանին իր կամքից անկախ նպաստել «քաղաքական մուղամին», որն Ադրբեջանի կողմից պարտադրվում է ողջ աշխարհին:



PanARMENAIN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչ առավելություններ կամ վտանգներ կարող է թաքցնել «ժողովրդական դիվանագիտությունը», որն իրագործվում է ոչ անմիջականորեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ, եւ չեն ծառայում արդյոք այդպիսի ակցիաները երրորդ երկրների շահերին, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ ինքը մտադիր չէ քննադատել որեւէ մեկին, քանի որ բոլորն իրենց շահերն են հետապնդում եւ դա նորմալ է: «Կարեւոր է, որպեսզի Հայաստանը կողմնորոշվեր իր շահերում` հենվելով հստակ դիրքորոշման վրա: Իսկ Հայաստանի դիրքորոշումը դեռեւս իրավիճակային է»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---