Հայաստանն ու Իտալիան կապված են պատմական ընդհանրություններով եւ փոխադարձ համակրանքով

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա գործունեության տարիները հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման տեսակետից արդյունավետ կլինեն:



Ընդգծելով Իտալիայի հետ բազմաբնույթ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը` Նախագահ Սարգսյանը դրա համար լավ հիմք է դիտել փոխադարձ ցանկությունը, պատմական ընդհանություններն ու այն արժեքները, որոնց դավանում են երկու երկրները: Նրա խոսքով` հայ-իտալական գործակցությունը զարգացման լավ հեռանկար ունի նաեւ բազմակողմ ձեւաչափերում:



Դեսպան Սկապինին, կարեւորելով հայ-իտալական փոխադարձ համակրանքի ու ջերմ հարաբերությունների ձեւավորված ավանդույթը, ասել է, որ կանի առավելագույնն ամրապնդելու առկա համագործակցությունն ու ստեղծելու նոր հնարավորություններ: Որպես իր գործունեության առաջնային ուղղություններ նա նախանշել է առետրատնտեսական հարաբերությունների խթանումը, բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը:



Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր: Նախագահ Սարգսյանը ողջունել է Իտալիայի հավասարակշիռ դիրքորոշումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի վճռականությունը` նշելով,որ դրա համար կան բոլոր հնարավորություններ: Դեսպան Սկապինին նշել է, որ Իտալիան մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին:



Հաջողություն մաղթելով նորանշանակ դեպանին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ նա իր գործունեությունը սկսում է մի երկրում, որը չունի հարուստ բնական պաշարներ, սակայն ունի պատմական ու մշակութային մեծ ժառանգություն, եվրոպական չափանիշներով ապրելու ձգտում եւ հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու բարի կամք: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---