Բանակցություններում պետք է խոսվի ոչ թե տարածքների, այլ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ սահմանների մասին

PanARMENIAN.Net - ԼՂՀ-ի կողմից վերահսկվող որեւէ տարածքի հանձնումը Ադրբեջանին կնշանակի, առաջին հերթին, ԼՂՀ հիմնական օրենքի` Սահմանադրության խախտում, որով այդ տարածքներն ամրագրված են: Երկրորդը, ԼՂՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների դուրս բերումը մի շարք ազատագրված տարածքներից կխարխլի ԼՂՀ ռազմական ու պարենային անվտանգությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար, Արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մաիլյանը: Նրա խոսքերով, հրապարակված սկզբունքներում նույնիսկ չի ակնարկվում, որ ԼՂՀ վերահսկողության տակ պետք է վերադարձվեն շուրջ 1000 ք.կմ ղարաբաղյան հողեր, որոնք օկուպացրել է Ադրբեջանը: «Բանակցություններում պետք է խոսվի ոչ թե տարածքների, այլ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ սահմանների մասին: Միայն Ադրբեջանի կողմից ԼՂՀ պետականության ճանաչումից հետո երկկողմ միջկառավարական հանձնաժողովը պետք է զբաղվի միջպետական սահմանների զատմամբ ու դելիմիտիզացիայով: Այդպիսին է սահմանային վեճերի լուծման միջազգային փորձը»,-ասել է Մաիլյանը:



Ինչ վերաբերում է «անցումային կարգավիճակին», ապա ըստ փորձագետի, այդ սկզբունքն իրականում նշանակում է ԼՂՀ-ի ինքնիշխանության սահմանափակման փորձ, կասկածի տակ է դնում նրա անկախ կարգավիճակը եւ զրոկւմ է հանրապետությունը սեփական անվտանգության համակարգից: «Անվտանգության իրական ապահովումը կնշանակեր ԼՂՀ անկախության ճանաչում, ինչը նոր հնարավորություններ կտար Արցախին պահպանել սեփական անվտանգությունը, այդ թվում քաղաքական-դիվանագիատկան միջոցներով: Ցամաքային կապը ԼՂՀ-ի ու Հայաստանի միջեւ հաստատվեց 1992թ. մայիսին եւ ընդլայնվեց 1993թ. մարտական գործողությունների ընթացքում: Պարզամտություն կլիներ սահմանափակել եղած լիարժեք ցամաքային կապը ԼՂՀ-ի ու Հայաստանի միջեւ խոցելի «միջանցքով»: Հետաքրքիր է, որ այս սկզբունքնը որպես զիջում է առաջարկվում հայերին»,-ասել է նա:



Մասիս Մաիլյանը վստահ է, որ ԼՂՀ իրավական կարգավիճակն արդեն որոշված է 1991թ. դեկտեմբերի 10-ի իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման հիման վրա ու հաստատվել է մեկ այլ հանրաքվեով` 2006թ. դեկտեմբերի 10-ի ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեով: «Բացի այդ, ԼՂՀ ժողովուրդը ութ անգամ արդեն անուղղակիորեն արտահայտել է իր հավատարմությունը անկախ պետականությանը համահանրապետական նախագահական ու խորհրդարանական ընտրություններում` քվեարկելով քաղաքական կուսակցությունների ու առանձին թեկնածուների ծրագրերի օգտին, որտեղ նշվել է ԼՂՀ միջազգային ճանաչման եւ պետականության ամրապնդման անհրաժետությունը: Այդպիսով, վերջին 18 տարում ԼՂՀ քաղաքացիները տասն անգամ արտահայտվել են ԼՂՀ անկախ կարգավիճակի օգտին: Իսկ խոսելով փախստականների վերադարձի մասին, այս սկզբունքը պետք է քննարկեն բոլոր երեք կողմերը Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո: Դրական է, որ ասվում է «բոլոր», ոչ միայն ադրբեջանցի փախստականների մասին: Թեեւ անհասկանալի է, թե ինչպես են ապահովվելու հարյուր հազարավոր մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, որոնք կարող են հայտնվել հակառակորդ կողմի տարածքում»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---