Վրաստանի հայկական գյուղերի բնակիչներն օգնություն են հայցում Հայաստանի կառավարությունից

PanARMENIAN.Net - Վրաստանի Քվեմո Քարթլի նահանգի Դմանիսի, Բոլնիսի, Թեթրիծղարոյի եւ Մառնեուլի շրջանները կազմում են պատմական հայկական Գուգարք նահանգի մի քանի գավառները։ Վերջիններս հետագայում ներառվել են Լոռու թագավորության մեջ` կազմելով նույնանուն գավառը։ Այս նահանգը աշխարհագրորեն մինչեւ վերջին շրջանը համարվել է Հայաստանի Լոռվա հյուսիսային հատվածը եւ համարվել հայկական պատմական տարածք։



Խորհրդային տարիներին Քվեմո Քարթլի նահանգում աստիճանաբար սկսեց ուժեղանալ ադրբեջանական գործոնը, իսկ հայերը տարածաշրջանում կամ աստիճանաբար վրացականացվում, կամ հեռանում են։ Վրաստանի անկախացման առաջին իսկ օրերից, լքված եւ փաստորեն մոռացված լինելով ՀՀ իշխանությունների ու հայ հասարակության կողմից, հայկական գյուղերի բնակչությունը մինչ օրս զգում է թե Վրաստանի հակահայկական քաղաքականության դրսեւորումները եւ թե տեղի ադրբեջանցիների ագրեսիվ վերաբերմունքը, որն ուղղված է հայ ազգային փոքրամասնությանը վերջնականապես զտելու նահանգից։



«Որպես օրինակ, բերենք մեկ փաստ։ Վերջին շրջանում Մառնեուլի շրջանի վրացական Սիոն գյուղի բնակիչների եւ տեղի վրացի պաշտոնյաների միջամտությամբ հայկական Դամիա գյուղ մատակարարվող խմելու ջրի հիմնական խողովակը անսպասելիորեն դադարեց գործելուց եւ հայկական գյուղը ներկայումս մնացել է առանց խմելու ջրի։ Հատկանշական է նշել, որ ի պատճառաբանություն խողովակի փակմանը շրջանի վրացի եւ ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, թե այդ ջուրը, որն արդեն մի քանի տասնյակ է ինչ անդադար հոսել է դեպի Դամիա գյուղ, համարվում է վրացաբնակ Սիոն գյուղի սեփականությունը եւ հայերին այն չպետք է հասնի։



Նմանատիպ ագրեսիվ գործողությունները վրացիների եւ ադրբեջանցիների կողմից մեզ՝ հինգ հայկական գյուղերի համար նորություն չեն եւ դրանք շարունակական բնույթ են կրում։ Հատկանշական է այն փաստը, որ ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ ագրեսիվությունը շրջանում ուժեղացել է այն բանից հետո, երբ տարածաշրջան ժամանակ առ ժամանակ այցելում են Ադրբեջանական հանրապետության Մեջլիսի պատգամավորական, կառավարության, հասարակականքաղաքական ակտիվիստներից կազմված պատվիրակություններ։ Այս պատվիրակությունների ներկայացուցիչները ակտիվորեն այցելում են Քվեմո Քարթլի նահանգի ադրբեջանական գյուղեր, տանում են հակահայկական, հակավրացական ու բացահայտ պրոադրբեջանական քարոզչություն։



Մասնավորապես հայտնի է, որ վերջերս Մառնեուլ քաղաք այցելած մի խումբ Ադրբեջանի ազգային Մեջլիսի ներկայացուցիչներ հայտարարել են, թե ,Ղարաբաղը շուտով հետ ենք վերցնելուե, ,թե ուժեղացնելու ենք ադրբեջանական գործոնը Թբիլիսիի շուրջն ու Ծալկայումե, եւ, որ ,Ադրբեջան պետությունը՝ ի տարբերություն Վրաստանի, լուծելու է տեղի ադրբեջանցիների տնտեսական, սոցիալական ու քաղաքական խնդիրները»,-ասվում է բաց նամակում։



Ելնելով վերը նշվածից, հայկական Խոժոռնի, Չանախչի, Աղքյորփի, Դամիա, Բրդաձոր գյուղերի բնակիչները ՀՀ կառավարությունից ու Ազգային Ժողովից պահանջել են պաշտպանել իրենց շահերը, չսահմանափակվելով միայն «խոստումներով»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---