Ռիչարդ Գիրագոսյան. Հայ-թուրքական սահմանի բացումը չպետք է որպես նվեր ընկալվի Հայաստանի համար

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանի բացումը չպետք է որպես պարգեւ կամ նվեր ընկալվի Հայաստանի համար, դա ամենաքիչ բանն է, որ կարող է անել Թուրքիան, պետք չէ նրան դրա համար գովաբանել»,- այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների հանդիպումից հետո տեղեկատվություն է հայտնվել, թե Թուրքիան, այնուամենայնիվ, որոշել է բացել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի համար:



«Եթե հայ-թուրքական սահմանը բացվի միայն այդ օրվա համար, ապա դա ոչ մի կերպ ձեռնտու չէ հայկական կողմի համար»,- ընդգծել է Ռիչարդ Գիրագոսյանը:



Ընդ որում, Գիրագոսյանը նշել է, որ Հայաստանի հետ սահմանի բացման մասին Թուրքիայում հնչող հայտարարությունները ոչ միայն ներկայացում են Արեւմուտքի եւ ԱՄՆ համար, այլեւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների սառեցման ցուցադրում, ինչը շահավետ է Հայաստանին: Թուրքիան այլեւս կախում չունի Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի նշանակում, որ Անկարան վերջապես որոշել է ճանաչել պատմական փաստերը: Թուրքիան ընդամենը ցանկանում է ցույց տալ, որ մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում»,- ասել է Ռիչարդ Գիրագոսյանը:



Գիրագոսյանը նաեւ կիսվել է Ստամբուլ կատարած իր այցելության տպավորություններով: «Թուրքական կողմի բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիան մտադիր չէ բացել սահմանը»,- ասել է նա` նշելով, որ եթե Թուրքիան հրաժարվի իր գործողություններից եւ բաց թողնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, ապա դա միայն կարդարացնի իր հանդեպ եղած անվստահությունը:



«Եթե հայ-թուրքական սահմանն իսկապես չբացվի, կարեւոր է, որ հաղթահարվել են մարդկանց մտքի սահմանները»,- նշել է Ռիչարդ Գիրագոսյանը` բացատրելով դա նրանով, որ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների շնորհիվ Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայում սկսել են շատ ավելի հաճախ քննարկել, քան նախկինում, ինչն ի օգուտ Հայաստանի է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---