Հայաստանի կառավարությունն աջակցում է կառուցապատողներին

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը, ՀՀ օրենսդրության համաձայն, հինգշաբթի օրը կայացած նիստին որոշել է Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 2/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք 2.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով:



Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց ընկերության հետ կնքվելու է գրավի պայմանագիր` գրավ ընդունելով վերոհիշյալ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի տարածքները` հողի նկատմամբ բաժնային իրավունքով հանդերձ:



Նիստի ընթացքում չորս այլ որոշումներով կառավարությունը չորս ընկերությունների թույլատրել է երկարաձգել նրանց կողմից ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետները: Դա նրանց հնարավորություն կտա հաղթահարել ճգնաժամի հետեւանքով ստեղծված դժվարությունները եւ հաջողությամբ շարունակել հետագա գործունեությունը:



Ինչպես նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդունված որոշումները բխում են կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագրի տրամաբանությունից: «Գործադիրը անբարեխիղճ աշխատանքի պատճառով մերժել է համանման խնդրանքով դիմած մեկ ընկերության, որը, վարչապետի բնորոշմամբ, չգրանցված գործունեություն էր իրականացնում ՀՀ տարածքում եւ չէր կատարում իր պարտավորությունը պետության հանդեպ»,- ասել է նա:



Բացի դրանից, ընդառաջելով «Ագարակի պղնձամոլիբդենայինկոմբինատ» ՓԲԸդիմումին` կառավարությունը փոփոխել է ս.թ. հունիսի 26-ին ընդունած «Հանքարդյունաբերական ոլորտի ընկերություններին բյուջետային վարկեր տրամադրելու մասին» որոշումը, որը շարադրվել է ձեռնարկության համար ավելի նպաստավոր տարբերակով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---