31 օգոստոսի 2009 - 11:35 AMT
Ուկրաինացի գիտնականները մկնդեղ են հայտնաբերել «Բորժոմի» հանքային ջրում
Հայտնի ապրանքանիշերի մի շարք հանքային ջրերում վնասակար նյութեր են հայտնաբերվել: Խոսքը «Բորժոմի», «Նարզան», «Եսենտուկի» ջրերի մասին է, հայտարարել է Խարկովի մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Սերգեյ Սավենկովը: Նրա խոսքերով, մասնավորապես, «Բորժոմի» ջրում մկնդեղ է հայտնաբերվել, հաղորդում է Խարկովի շրջանի վարչակազմի պաշտոնական կայքը:

Ըստ շրջանային իշխանության ղեկավար Արսեն Ավակովի, այն տվյալները, թե «Բորժոմում» թույն է հայտնաբերվել, վաղուց էին հայտնի: «Մենք երեք անգամ հարցապնդում ենք ներկայացրել ջրի արտադրողին, խնդրելով մեզ տրամադրել ջրի պարամետրերը, սակայն պատասխան այդպես էլ չստացանք: Եվ միայն դրանից հետո որոշեցինք հրապարակել այս տեղեկությունները»,-ընդգծել է նա: Ավակովը նաեւ հաղորդել է «Բոնակվա» ջրի հետ ծագած խնդիրների մասին:

Ըստ շրջանի ղեկավարի, Խարկովի մարզի տարածքում իրացվող շշալցված ջրի ստուգումների ընթացքում մասնագետները հայտնաբերել են, որ «Բոնակվա» ջուրը, որն արտադրում է «Կոկա-կոլա» ընկերությունը, որոշ պարամետրերով չի համապատասխանում նորմերին:

«Կոկա-կոլա» ընկերությունն արդեն իսկ խոստացել է «Բոնակվա» ջրի որակը համապատասխանեցնել այն չափանիշներին, որոնք համապատասխանում են «խմելու ջուր» սահմանմանը, ասել է Ավակովը, հաղորդում է Analitika.at.ua-ն: