Հայաստանը պետք է ճանաչելի դառնա աշխարհասփյուռ հայ երիտասարդներին

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Գառնիի տաճարում հանդիպել է «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, Տիգրան Սարգսյանը ծրագրի երիտասարդ մասնակիցների հետ քննարկել է Հայաստանի Հանրապետության զարգացման հիմնախնդիրները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու առաջընթացի հեռանկարները:



Ծրագրի նպատակն է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության` հայրենիքի զգացողության ձեւավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցության, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանը մեր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:



Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ Սփյուռքի հետ մեր հարաբերությունները շարունակաբար ամրապնդվում են: Դրանք կանոնակարգելու ու զարգացնելու նպատակով է հիմնվել նաեւ Սփյուռքի նախարարությունը, որն արդեն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր: Վարչապետը նշել է, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը կառավարության առաջնայնություններից է: Նա նշել է նաեւ, որ երիտասարդներին է վիճակված լինել հայրենիքի նոր դեսպանները:



Տիգրան Սարգսյանն իր առանձնակի շնորհակալությունն է հայտնել այն ընտանիքներին, որոնք ընդունել են Հայաստանը ճանաչելու եկած երիտասարդներին, ովքեր նրանց հետ կիսել են իրենց ընտանիքների ջերմությունը:



Վարչապետը հիշեցրել է, որ նրանք աշխարհի այս անկյունում Հայաստան կոչվող իրական հայրենիք ունեն եւ պատգամել է նրանց վերադառնալ:



Կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել «Արի տուն» ծրագրի ինտելեկտուալ խաղի հաղթողներին: Այնուհետ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է մասնակիցներին հուզող տարաբնույթ հարցերի, նրանց հետ շուրջպար է բռնել եւ մասնակցել «Արի տուն» ծրագրի հրաժեշտի համերգին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---