Հայաստանի իշխանությունները դիմում են քաղաքական ռիսկի, որի հեռանկարները վստահություն չեն ներշնչում

PanARMENIAN.Net - «Մեզ համար անընդունելի է այն, որ ստորագրված Արձանագրություններում նշված է տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ չկա ոչ մի խոսք ազգերի ինքնորոշման իրավունի սկզբունքի մասին, ինչը կարող է վատ հետեւանքներ ունենալ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում»,- հայտարարեց այսօր կայացած համատեղ մամլո ասուլիսին Դաշնակցություն կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական սեկցիայի, «Ժառանգություն» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ միասին:



Ղազարյանը նշեց, որ Արձանագրության մեջ առկա ձեւակերպումները անհանգստության առիթ են տալիս եւ Հայաստանի իշխանությունները դիմում են քաղաքական ռիսկի, որի հեռանկարները անորոշ են եւ վստահություն չեն ներշնչում:



Այս հարցի վերաբերյալ իրենց համերաշխությունը արտահայտեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը, որն ավելացրեց, որ Արձանագրություններում ամրագրված միայն տարածքային ամբողջականության սկզբունքի կետը նշանակում է այդ սկզբունքի գերակայությունը ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի նկատմամբ տարածքային հակամարտության ժամանակ: «Հենց տարածքային հակամարտության ժամանակ, որովհետեւ այդ փաստաթղթերում նաեւ նշված է, որ Հայաստանը եւ Թուրքիան ուժեր կգործադրեն տարածքային բախումները լուծելու համար: Այսպիսով մենք թույլ ենք տալիս Թուրքիային դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասնակից»,- ընդգծեց Կադարյանը:



Կադարյանի վերջին նկատառման հետ չհամաձայնվեց ՀՀԿ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը, որը նշեց, որ Թուրքիան ոչ մի կերպ չի կարող լինել արցախյան հիմնախնդրի կարգավորման մասնակից, քանի որ այս խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:



Լրագրողների այն հարցին, թե ինչն է խանգարում ընդդիմադիր կուսակցություններին համագործակցել այս ոլորտում, Արթուր Ղազարյանը նշեց, որ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցության եւ արդեն առաջարկել է ստեղծել համազգային ճակատ: ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն» կուսակցությունը համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---