Քվեմո Քարթլիի հայկական գյուղերը ուծացման եզրին են գտնվում

PanARMENIAN.Net - «Հայաստանը, Ջավախքից բացի, խնդիրներ ունի նաեւ Վրաստանի հետ սահմանի հարցում, ինչի մասին զարմանալիորեն ոչ ոք չի խոսում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը:



Ըստ նրա, այս խնդիրները վերաբերում են նաեւ հայ-վրացական սահմանում գտնվող Քվեմո Քարթլիի վեց հայաբնակ գյուղերին: «Այդ գյուղերը անկլավի վիճակում են հայտնվել, քանի որ երեք կողմից շրջապատված են Հայաստանի սահմանով եւ միայն մի կողմից սահման ունեն Վրաստանի հետ»,-ասել է փորձագետը:



«Բերդաձոր, Աղքյորփի, Չանախչի, Ծոփ, Խոժոռնի գյուղերում վրաց սահմանապահները թույլ չեն տալիս գյուղացիներին ազատ տեղաշարժվել ու զբաղվել գյուղատնտեսությամբ: Վերջերս այդ գյուղերի հինգ բնակիչներ ձերբակալվել էին սահմանապահների կողմից իբր միջպետական սահմանի խախտման համար: Վրացական կողմը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ նախկինում պայմանավորվածություն է եղել ՀՀ-ի ու Վրաստանի միջեւ, որի համաձայն այդ գյուղերի բնակիչները կարող էին ազատ տեղաշարժվել, մշակելու համար իրենց հողերը»,-ասել է Աբրահամյանը:



Աբրահամյանը հիշեցրել է, որ խորհրդային տարիներին, 1920-35թթ. այդ գյուղերը եղել են ՀՀ կազմում եւ միայն 1937թ. խորհրդային ղեկավարությունը այդ հայկական գյուղերը փոխանցեց Վրաստանին` բացատրելով դա նրանով, որ հայկական կողմից չկա դեպի այդ գյուղերը տանող ճանապարհ, իսկ վրացական կողմից կա: Իրականում, այդ գյուղերը հայկական Լոռի մարզի հյուսիսային մասն են կազմում եւ Ջիլիզա գյուղի միջով կա այդ վեց գյուղերը Հայաստանի հետ կապող գյուղական ճանապարհ»,-ասել է Աբրահամյանը:



Է.Աբրահամյանը գտնում է, որ այդ խնդիրը հնարավոր է լուծել, միայն եթե ՀՀ-ն հարց բարձրացնի այդ գյուղերը Հայաստանին միացնելու վերաբերյալ: «Չեմ կարծում, թե կարող են լուրջ հետեւանքներ լինել, եթե Հայաստանը արծարծի այդ հարցը, քանի որ մենք ունենք դրա բոլոր իրավական հիմքերը եւ բացի այդ վրացական կողմն այնքան հզոր չէ, որ հակառակվի ՀՀ արդարացի պահանջին»,-ասել է նա:



Աբրահամյանը գտնում է նաեւ, որ հակառակ դեպքում մի քանի տարի անց այդ գյուղերն ուղղակի կդադարեն հայկական լինել: «Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ այդ գյուղերը շրջապատված են ադրբեջանաբնակ գյուղերով եւ նրանց միջեւ լարվածություն է նկատվում, ինչը եւս կարող է պատճառ լինել, որ հայերը լքեն այդ հողերը»,-ասել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---