ՀՀ ԱԳՆ. Հարավային Կովկասում դեռ հարկավոր է կայունության հասնել

PanARMENIAN.Net - «Այս տարի մենք բոլորս տուժեցինք ֆինանսական ճգնաժամի ազդեցությունից: Ճգնաժամը հասավ աշխարհի յուրաքանչյուր անկյունն ու տնտեսության յուրաքանչյուր ճյուղին: Աշխարհի շատ երկրներ աննախադեպ տնտեսական անկում գրանցեցին, ինչը լրջորեն վտանգում է դժվար ձեռք բերված հաջողությունների պահպանումն ու մինչեւ 2015թ. Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու հեռանկարը»,-հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նիստում:



Նա ընդգծել է, որ Հայաստանը եւս, զերծ չմնաց շարունակվող ֆինանսական ճգնաժամի ծանր հետեւանքներից: Այնուհանդերձ, Հայաստանի իշխանություններն արեցին հնարավորը` ապահովագրելու սոցիալապես խոցելի խմբերին այդ հետեւանքներից: Սոցիալական սեկտորի բյուջետային հատկացումների որեւէ կրճատում չիրականացվեց:



«Մենք կարծում ենք, որ մեր նախաձեռնություններում մենք, նախ եւ առաջ, պետք է առաջնորդվենք ճգնաժամի մարդկային վնասները նվազեցնելու ձգտումով, որպեսզի խուսափենք դրա` մարդու անվտանգության վրա ունեցած լուրջ հետեւանքներից: Մենք համոզված ենք, որ հավասարաչափ գլոբալ առողջացումը պահանջում է բոլոր պետությունների լիարժեք մասնակցությունը ճգնաժամին համարժեք լուծումների առաջադրման գործում` անկախ նրանց չափից կամ զարգացման մակարդակից: Եվ մենք պետք է համախմբվենք այստեղ, այս համաշխարհային կառույցում, կայացնելու որոշումներ, որ կօգնեն մեզ հաղթահարելու անցյալն ու կառուցելու ապագան, քանի որ մեր ժողովուրդների երազանքների ու առկա հեռանկարների միջեւ դեռեւս խորը վիհ կա»,-ասել է նա:



«Հարեւան պետությունների միջեւ վստահությունն ու միմյանց հաշվետու լինելը տարածաշրջանում տեւական համգործակցության ու կայուն անվտանգության երաշխիքներ են: Մենք Հարավային Կովկասում դեռեւս պետք է դրան հասնենք: Մեր տարածաշրջանը, փաստացիորեն, աշխարհի քաղաքական քարտեզի վրա ամենազգայուն թեժ կետերից մեկն է, որը լի է անվտանգության սպառնալիքներով ու վտանգներով: Տարածաշրջանը ցնցվում է հակամարտություններից ու միջպետական լարվածություններից, բաժանարար գծերից ու տնտեսական շրջափակումից: Փակ սահմաններն ու խաթարված հարաբերությունները կենսակերպ են դարձել: Այնուհանդերձ, հույս կա, որ համարձակ քայլերն ու դրանց համարձակ պատասխանը հնարավոր են դարձնում իրավիճակի բարելավումը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ անցյալ սեպտեմբերին սկսվեց նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ու անվանվեց «ֆուտբոլային դիվանագիտություն», խոստանում է արդյունքներ տալ` չնայած բոլոր դժվարություններին:



Անցյալ տարվա ընթացքում շվեյցարացի միջնորդների ու միջազգային այլ գործընկերների օգնությամբ մեզ հաջողվել է առաջխաղացում գրանցել Եվրոպայում վերջին փակ սահմանի բացման ու առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Մենք ուզում ենք լիահույս լինել, որ անհրաժեշտ քաղաքական կամքը ի վերջո հնարավորություն կտա ձերբազատվելու անցյալի մտածելակերպից, եւ իմաստությունն ու խիզախությունը կգերակշռեն` վերջին որոշիչ քայլերն անելու համար:



Մեզ համար խրախուսիչ էր միջազգային հանրության աջակցությունը: Մենք լավ ենք գիտակցում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը ինչ հիմնարար ու դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի անվտանգության ու կայունության առումով»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---