Արքեպիսկոպոս Չոլոյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համայն հայության հարցն է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համահայկական հարց է: Այդ մասին հայտարարել է Մեծի Տան Կիլիկիո ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը: «Ինձ համար 2 տեսակետ եւ տարբեր ըմբռնումներ կան: Առաջինը համահայկականն է. որովհետեւ այս հարցը համայն հայության հարցն է, եւ կասկած չկա, որ հայությունը խռովքի մեջ է, հայությունը մտահոգված է, թե ապագան ինչ պիտի լինի: Մոտիկից հետաքրքրվում եմ` լինի հայրենիքի մեջ, թե սփյուռքի, եղած զանազան գործընթացներով, որոնք տեղի են ունենում այս առնչությամբ: Ինձ անհանգստացնում է այն, որ ներքին հայկական մտահոգությունը պառակտումի է տանում, եւ ինձ բերում է նաեւ երկրորդ հարցին, որ տեղականն է: Որովհետեւ ես նաեւ Ամերիկայի թեմի առաջնորդ եմ: Երբ որ այս թեմի մեջ այդ համահայկական հարցը տեղական նաեւ մտահոգության ու պառակտումի առիթ կարող է լինել, ինձ համար լուրջ անհանգստություն է: Կասկած չկա, որ ցեղասպանությունը բոլորիս համար էլ հիմնական հարցն է: Այն բոլոր արտահայտությունները, որոնք քիչ առաջ տեղի ունեցան, տեղին էին, սակայն ինձ համար երբեմն հոգեբանական տվյալները կարեւոր են, որովհետեւ պատմությունը մեզ մշտապես ցույց է տվել, թե մեր քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների մեջ երբեմն կարող են ձախողումներ լինել, եւ դա թերեւս գալիս է մեր թշնամու համառությունից,,-ասել է արքեպիսկոպոսը:



«Սքանչելի բան է, որ նախագահը 2 երկրների դիվանագիտական կապերի հաստատման աշխատանք է տանում, սքանչելի բան է եւ պետք է դա լինի: Սակայն դա չպետք է լինի ավելի մեծ բանի գնով, եւ դա մեր ցեղասպանությունն է, մեր սահմանների անխախտելիությունն է եւ մեր Սփյուռքի, նաեւ հայության տագնապը: Ես մի բան կուզեի ասել, որին ոչ մեկը չանդրադարձավ: Սա պատմության մեջ առաջին փաստաթուղթն է, որ ստորագրվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Սրանից առաջ եղածները Հայաստանի մասնակցությամբ չեն եղել: Եթե խորհրդային միության փլուզումից հետո, որպես խորհրդային միության երկրներից մեկը, ճանաչեցինք սահմանների ամբողջականությունը, դա ընդհանուր միջազգային հասկացողություն էր, բայց այդ դաշինքը կամ համաձայնությունը ոչ մի անգամ կնքված չի եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Նույնիսկ Կարսի Դաշնագիրը կնքված է Մոսկվայի եւ Թուրքիայի միջեւ: Հետեւաբար այս հասկացողությունները մեզ մղում են, որ մի քիչ ավելի աչալուրջ լինենք մեր մոտեցումի մեջ եւ չընկնենք այն թակարդի մեջ, որ կարող է մի օր մեզ ավելի ծանր վիճակների մեջ դնել: Ես համաձայն եմ, որ այս արձանագրությունները լայն տողերով են գրված, նրանց մեջ շատ բան կա: Մեր մեկնաբանությունները նույնը պիտի չլինեն, ինչ Թուրքիայի կողմից հնչող մեկնաբանությունները: Հետեւաբար, պետք է իմ կարծիքով նախագահի այցելությունն առիթ լինի, որ այս փաստաթղթերը մեկ անգամ եւս քննարկվեն ավելի լավ, ավելի խորը կերպով, որպեսզի չլինի, թե հետագայում մենք լինենք այս արձանագրությունների տուժողները»,-ասել է Օ.Չոլոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---