ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար. Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթն արդեն ստորագրվել է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը միշտ ներկա է եղել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բանակցություններում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը: «Հայ-թուրքական հարաբերություններն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները մեկ փաթեթում են գտնվում: Այդ գործընթացները զուգահեռ են եւ ազդում են մեկը մյուսի վրա»,- ասել է Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը: Նա ավելացրել է, որ 90-ականների սկզբին Թուրքիան Հայաստանին միայն մեկ նախապայման էր առաջադրում` ղարաբաղյան հակամարտությունը: «Դեռեւս այն ժամանակ Հայոց ցեղասպանության հարցն ու սահմանի ճանաչումը նախապայման չէին հանդիսանում: Ես 4 տարի եղել եմ Հայաստանի ԱԳ նախարարը եւ առիթներ եմ ունեցել հանդիպելու թուրք դիվանագետների հետ ու կարող եմ ասել, որ թուրքական կողմը միայն ղարաբաղյան հիմնախնդիրն էր առաջադրում որպես դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար նախապայման»,- նկատել է Վահան Փափազյանը: Նա համոզմունք է հայտնել, որ նախաստորագրված Արձանագրություններում ղարաբաղյան նախապայմանը կա, եւ հայտնել է, որ դրանք ուժի մեջ կմտնեն միայն այն ժամանակ, երբ ղարաբաղյան հակամարտության մեջ առաջընթաց լինի: «Իսկ այդ գործընթացը նշանակում է հայկական զորքերի դուրսբերում հինգ շրջաններից: Ստացվում է, որ Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթն արդեն ստորագրվել է: Գործընթացի ողջ սխեման արդեն գծագրված է»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը:



Նա վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որտեղ կհրապարակվի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---