Հայաստանում կաշառք վերցնելու համար ձերբակալվել են «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները

PanARMENIAN.Net - Ուսումնասիրելով ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հոկտեմբերի 24-ին հարուցել է քրեական գործ՝ «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի կողմից 228.000 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար եւ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի կողմից 190.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, ինչպես նաեւ «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձի դեպքի առթիվ:



ԱԱԾ-ի նախապատրաստած նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը, վճարային կեղծ քարտեր պատրաստելու մեղադրանքով Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից գտնվելով միջազգային հետախուզման մեջ, 2009թ. օգոստոսի 26-ին Իրանից ժամանել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների կողմից եւ տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ:

Հերոս Ներսսսյանի վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձեւակերպման եւ նրան կալանքից ազատելու նպատակով հայրը՝ Բագրատ-Մասիհի Թեյմուրի Ներսսսյանը 2009թ. սեպտեմբերի 7-ին հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանին, որի հետ համաձայնության է եկել 12.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց որդուն կալանքից ազատելու վերաբերյալ:



Ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանը Բագրատ Ներսսսյանին ուղարկել է «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի մոտ, որը Բագրատ Ներսսսյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար որպես կաշառք պահանջել եւ ստացել է 228.000 դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար: Իսկ Լեռնիկ Խաչատրյանի պահանջով, վերջինիս կողմից ուղարկած, դեռեւս չպարզված անձնավորության միջոցով Լեռնիկ Խաչատրյանին փոխանցել է 190.000 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, որից հետո Հերոս Ներսսսյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Հերոս Ներսսսյանը 58 օր գտնվելով կալանքի տակ, 2009թ. հոկտեմբերի 22-ին ազատվել է կալանքից եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:



Կալանքից ազատվելուց հետո Հերոս Ներսսսյանն ու նրա հայրը 2009թ. հոկտեմբերի 23-ին հանդիպել են «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանին եւ պարտավորվել Լեռնիկ Խաչատրյանի հետ պայմանավորված հիշյալ 12.000 ԱՄՆ դոլար գումարից 6000 ԱՄՆ դոլարը Կարո Զադոյանին տալ որոշ ժամանակ անց:



ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասի 2-րդ կետերի հատկանիշներով, քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:



Նույն օրը, ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով եւ 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ գլխավոր դատախազը կասեցրել է Լեռնիկ Խաչատրյանի լիազորությունները՝ մինչեւ քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը:



Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ «Գորիս» ՔԿՀ-ի պետ Ա. Պետրոսյանը եւ պետի տեղակալ Կ.Զադոյանը, նույն հիմնարկի բուժսպասարկման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Գ.Ղավալբաբունցը, ԻԻՀ քաղաքացիներ Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը եւ նրա հայրը ձերբակալվել են, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը հանձնարարվել է կատարել ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի մասով քրեական գործի նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր դատավարական գործողությունները, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---