Հայաստանն ու Իսրայելը բավարար օբյեկտիվ տեղեկատվությոն չունեն միմյանց մասին

PanARMENIAN.Net - «Կա որոշակի օրինաչափություն` որքան ամրանում են Հայաստանի կապերը Եվրամիության ու ԱՄՆ-ի երկրների հետ, այնքան ակտիվ են դառնում նրա կապերն Իսրայելի հետ»,-հայտարարել է Թել Ավիվի Արեւելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Ըստ նրա, երկրները բավարար օբյեկտիվ տեղեկատվությոն չունեն միմյանց մասին, արտաքին քաղաքական որոշումների պատմական հարցերի ողջ սպեկտրի, ներառյալ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Նման տեղեկատվության բացակայությունը, կամ խեղաթյուրված մատուցումը միայն հեռացնում է մեր երկրները»,-ասել է փորձագետը:



Ըստ Ցինկերի, մերձեցման ճանապարհին մեր երկրներին շատ դժվարություններ են սպասում: «Ես լավատես եմ եւ գտնում եմ, որ մեր երկրները պետք է լինեն բնական դաշնակիցներ, գործընկերներ եւ բարեկամներ: Երկրների հարաբերություններն ինձ համար, ով 27 տարի ապրել է Երեւանում եւ գլխավորել է Քնեսեթում Հայաստան-Իսրայել բարեկամության խումբը, միշտ եղել եւ մնում են ակտուալ»,-ասել է Ալեքսանդր Ցինկերը:



Նա նշել է, որ վերջին տասնամյակներում տարածաշրջանում երկու առանցք է ձեւավորվել: Մեկը կազմել են Ռուսաստանը, Հայաստանը, Իրանն ու Սիրիան, իսկ մյուսը` ԱՄՆ-ն, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանն ու Հորդանանը:



«Նման իրավիճակում, Հայաստանն ու Իսրայելը, թշնամանքի ոչ մի պատճառ չունենալով, հայտնվել են բարիկադի տարբեր կողմերում»,-ասել է Ցինկերը` հավելելով, որ նման պայմաններում խոսք լինել չի կարող նորմալ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին: «Հայաստանի ու Իսրայելի միջեւ երկխոսության ցանկացած փորձ Թուրքիան ու Իրանը ընկալում են որպես «դավաճանություն»,-գտնում է Ալեքսանդր Ցինկերը:



Նա նաեւ նշել է, որ վերջերս իրավիճակը փոխվել է, եւ դրա հետ փոխվել է նաեւ աշխարհաքաղաքական առանցնքների մասնակիցների կազմը: «Օրինակ, Թուրքիան: Վերջերս այդ երկրի ղեկավարությունը կտրուկ մերձեցավ «մերժված երկրների»` Իրանի ու Սիրիայի հետ, իսկ հարաբերություններն Իսրայելի հետ շարունակում են վատանալ: Հայաստանն էլ սկսել է ավելի լայնորեն նայել իր գործընկերների վրա, շարժ է նկատվում հայ-թուրքական ուղղությամբ»,-ասել է Ցինկերը, գրում է «Կովկասյան հանգույցը»
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---