Աթենքում նշվել է Կոմիտասի 140-ամյակը

PanARMENIAN.Net - Աթենքում նշվել է մեծն Կոմիտասի 140-ամյակը: «Հայաստան» կենտրոնի նախաձեռնությամբ, «Արարատ» մարզամշակութային միության լեփ-լեցուն սրահում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին հունահայոց հոգեւոր դասը, Հունաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ` դեսպանի նորանշանակ խորհրդական Աշոտ Գրիգորյանը, հյուպատոս Լիանա Գրիգորյանը եւ հայ համայքնի տարբեր կազմակերպությունների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:



Երեկոն սկսվեց «Հայաստան» կենտրոնի բացման խոսքով, որից հետո դաշնամուրային դասական հրաշալի կատարումներով հանդես եկան Աիդա Փաշինյանի պատանի սաները, ովքեր համահունական տարբեր մրցույթների դափնեկիրներ են:



Կոմիտասը 1893թ. ավարտել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանը: 1896-99թթ. Բեռլինում ուսումնասիրել է երաժշտության պատմություն եւ տեսություն: 1899թ. ապրել է Էջմիածնում, վարելով երաժշտական դասեր եւ երգչախումբը: Կղերահետադիմական շրջանակների հետ բախման պատճառով 1910թ. տեղափոխվել է Կոնստանդինոպոլիս: 1919թ. ապրել է Փարիզում: Կյանքի վերջին 20 տարիներին տառապել է ծանր հոգեկան հիվանդությամբ: 1936թ. Կոմիտասի աճյունը տեղափոխվեց եւ ամփոփվեց Երեւանի պանթեոնում:



Կոմիտասը հայ երաժշտության դասական է, երգչախմբային բազմաձայնության վարպետ, հայ գիտական ազգագրության հիմնադիր: Հայ ժողովրդական երգերի հավաքողէ եւ հետազոտող, նա կազմել է ժողովածուներ, որոնք ներառում են հայ ժողովրդի բազմադարյա ստեղծագործության տիպիկ օրինակներ: Կոմիտասի հոդվածները նորարարություն էին բանահյուսության մեթոդաբանության մեջ: Որպես երգիչ, խմբավար եւ դասախոս, նա քարոզել է հայ ժողովրդական երաժշտությունն Անդրկովկասում եւ արեւմտաեվրոպական երկրներում, դասախոսություններ է կարդացել միջազգային եւ երաժշտական կոնգրեսներում: Կոմիտասի վառ ազգային ստեղծագոծությունը հիմնականում վոկալային է, հիմնված ժողովրդական երգերի մշակումների վրա, այն 20 դարի դասական երաժշտության ինքնատիպ էջերից է: Նրա գործունեությունը նպաստել է ազգային կոմպոզիտորական դպրոցի զարգացմանը:



1925թ. ստեղծվեց Կոմիտասի անվան քառյակը: 1948թ. նրա անունն է կրում Երեւանի կոնսերվատորիան: Հայաստանի մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում նրա անունով են անվանակոչված փողոցներ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---