ՆԱՏՕ-ն եւ դաշինքի գործընկեր երկրները պետք է համագործակցեն կիբեր-հարձակումների դեմ պայքարում

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հայաստանի հանրապետական կուսակցություն խմբակցությունից պատգամավորներ Կարեն Ավագյանի, Արտակ Զաքարյանի եւ ԱԺ աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության աշխատակից (պատվիրակության քարտուղար) Զաբելա Ղազարյանի հետ միասին նոյեմբերի 13-17-ը Միացյալ Թագավորության Էդինբուրգ քաղաքում մասնակցեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Պատգամավորները նախ մասնակցեցին վեհաժողովի հանձնաժողովների նիստերին, իսկ նոյեմբերի 17-ին` լիագումար նիստին:



Նոյեմբերի 14-ին Ստեփան Սաֆարյանը, մասնավորապես, ելույթ ունեցավ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր «Ապագա անվտանգության եւ պաշտպանական կարողությունների» ենթահանձնաժողովի պատրաստած «ՆԱՏՕ-ն եւ կիբեր-պաշտպանությունը» զեկույցը:



Ս. Սաֆարյանը հանդես եկավ ելույթով. «Թույլ տվեք ասել, որ իմ երկիրը` Հայաստանը այս տարվա ընթացքում 2 անգամ դիմակայեց կիբեր-հարձակման հուժկու ալիքների: Մեր հասարակությունն այդ օրերին լիովին զգաց ու գիտակցեց կիբեր-տարածության կարեւորությունը եւ կիբեր-հարձակումների պարունակած վտանգները` ուղղված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը:



Փաստացի, տեւական ժամանակ` մի քանի ժամից մինչեւ մի քանի օր շարունակ, բազում կառավարական, նախարարությունների պաշտոնական կայքէջեր, ինչպես նաեւ համացանցային լրատվամիջոցների կայքէջեր կաթվածահար ու անմատչելի էին: Նշված կայքէջերը կոտրած կիբեր-ահաբեկիչները չէին խուսափել նաեւ հետքեր թողնելուց. նրանք` «կոտրված» որոշ պաշտոնական կայքէջերում, տեղակայել էին ադրբեջանական պետական ու ազգային խորհրդանիշներ, որը այլ փաստական հանգամանքների հետ միասին համացանցային ոլորտի մասնագետների, նաեւ պաշտոնատար անձանց համար հիմք հանդիսացավ հայտարարելու, որ իսկապես հարձակումներն իրականացրել են ադրբեջանցի հակերները»:



«Իհարկե, այդ նպատակով սեփականից բացի, նրանք օգտագործել էին նաեւ այլ երկրների ռեսուրսներ: Հարգարժան Սվերե Միրլին զեկույցի ներկայացման ժամանակ հիշատակեց, որ. «որոշ կառավարություններ օգտագործում են ոչ ֆորմալ խմբեր հակառակորդի վրա կիբեր-հարձակումներ իրականացնելու համար»: Դժվար է ասել, թե արդյո՞ք Ադրբեջանի դեպքում գործ ունենք հենց այդ մեխանիզմի հետ: Եթե անգամ այդ կիբեր-հարձակումները ադրբեջանական կառավարության ցուցումով չեն իրականացվել, ապա մի բան ակնհայտ է. Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, հակամարտության արդյունքները ետ շրջելու պաշտոնական Բաքվի անթաքույց նպատակը, հակահայկական թշնամանքի ուժգնացումը, այդ ուղղությամբ պետական տեւական ու հստակ քարոզչությունը, աճող ազգայնականությունը պարարտ հող են ստեղծում ու գաղափարապես մոտիվացնում նման խմբերին: Զեկույցի եզրակացությունների բաժնում պարոն Սվերե Միրլիի ներկայացրած առաջարկները շատ օգտակար կարող են լինել անհատապես մեր երկրների կիբեր-անվտանգության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից: Նույնքան հրաշալի ու համապարփակ է պարոն Ռեքս Հյուհսի ներկայացրած հայեցակարգը, որը թույլ կտա ՆԱՏՕ-ին փոխակերպվել նաեւ կիբեր-անվտանգության ոլորտում ու բարձրացնել սեփական գործողությունների արդյունավետությունը: Ես համոզված եմ, որ նման մոտեցումների ու զեկույցների հենքի վրա ՆԱՏՕ-ն իր անդամ պետությունների կիբեր-անվտանգության համար կգտնի լավագույն մեխանիզմը»,-ասել է Սաֆարյանը:



«Սակայն, գլոբալ անվտանգության համատեքստում, դրանք գործընկեր երկրների, ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակության տարածաշրջանների վրա պրոյեկտելու խնդիր կա: Ինչպես գիտեք` մեր երկրները, իբրեւ ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններ, ներգրավված են ամենատարբեր նախաձեռնություններում` «Գործընկերություն հանուն խաղաղության», «Գիտություն հանուն խաղաղության» եւ այսպես շարունակ: Կարծում եմ` կիբեր-անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների հետ նման մի նախաձեռնություն գործարկելու պահն արդեն հասունացել է, ինչը թույլ կտա սահմանել ոչ միայն ՆԱՏՕ-անհատական երկիր երկկողմ համագործակցությունը, այլեւ գործընկեր պետությունների համար ամրագրել բազմակողմ պարտավորություններ` ձեռնպահ մնալու կիբեր-տարածությունում պատերազմական եւ ագրեսիոն բնույթի գործողություններից, որոնք ժամանակակից աշխարհում, որպես կանոն, նախորդում են իրական պատերազմներին: Այդպիսի նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի լավագույն ներդրումներից մեկը կլինի նոր պատերազմները կանխարգելելու գործում»,-ասել է Սաֆարյանը, հաղորդում է խմբակցության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---