10 մայիսի 2024 - 14:08 AMT
Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում կարծիք է հայտնել, որ անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է։

Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար է, դա կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով։

«Այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի հենց Բագրատ Սրբազանը, քանի որ այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, գուցե մեկ տարվա։ Անցումային շրջանի համար ամենահարմար թեկնածուն այն մարդն է, որը սկսել է, իր գործով ցույց է տվել, որ ինքը նվիրում ունի այս հարցերին ու վճռական է այս նպատակներն իրականացնելու հարցում»,-ասել է Օսկանյանը։

Նա հորդորել է յուրաքանչյուրին լինենք Բագրատ Սրբազանի զինվորը։

Ըստ նրա, գործընթացի սահուն լինելու գրավականը ժողովրդի աջակցությունն է և ՔՊ-ականների մասնակցությունն այս ամենին, քանի որ ժամանակն է, որ նրանք վերանայեն իրենց մոտեցումները։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմամարդ հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովորւմ նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։