Գուրգեն Եղիազարյան. Հենց Հայաստանի օգնությամբ Թուրքիան թափանցեց Հարավային Կովկաս

PanARMENIAN.Net - «1915թ. հետո, սա, հավանաբար, առաջին անգամ է, երբ Հայաստանը հայտնվում է նման խայտառակ վիճակում»,-ասել է Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա, ոչ ոքի մտքով չէր անցնի, որ հայը կարող է կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը, կամ ստորագրի մի փաստաթուղթ, որը թույլ է տալիս լուծել Ղարաբաղի հարցն ի օգուտ Ադրբեջանի: «Հայաստանը հայտնվել է փակուղում, որից կարող է դուրս գալ միայն իշխանափոխության դեպքում»,-ասել է Եղիազարյանը:



Ընդ որում, նա նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, այլեւս ոչ մի երկիր չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նույնիսկ թուրք մտավորականների մի փոքր մասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ մեր երկրում դա կասկածի տակ է դրվում»,-ասել է Եղիազարյանը: Անդրադառնալով արձանագրությունների պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծման կետին` Եղիազարյանն այն անիմաստ է համարել:



«Եթե Արձանագրությունները հայանպաստ են, ապա ինչո՞ւ մենք մինչ օրս չենք վավերացրել դրանք»,-ասել է Եղիազարյանը` հավելելով, որ հայկական իշխանություններն իրենք չգիտեն թե ինչ են ուզում եւ ինչ են անելու հետագայում:



Նա նաեւ ասել է, որ երկիրը հայտնվել է այս վիճակում ոչ լեգիտիմ նախագահի պատճառով:



«Հենց Հայաստանի օգնությամբ Թուրքիան թափանցեց Հարավային Կովկաս եւ սկսեց միջամտել այնպիսի հարցերին, որոնք ընդհանրապես նրան չեն վերաբերում»,-ասել է Եղիազարյանը` հավելելով, որ իշխանություններն այն աստիճանի հասցրեցին, որ Ադրբեջանի նախագահը խոսում է արդեն ոչ թե Ղարաբաղի, այլ Զանգեզուրի մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---