Հայաստանի կառավարությունն մի քանի անգամ իջեցրել է ստորերկրյա ջրի արժեքը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 2003թ. օգոստոսի 14-ի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N1110-Ն որոշման մեջ, որի համաձայն անտնտեսվար եւ (կամ) ոչ նպատակային օգտագործման հետեւանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներում 1 խմ ստորերկրյա ջրի արժեքն ընդունվում է 10 դրամ, իսկ 1 խմ մակերեւութային ջրի արժեքը` 5 դրամ, նախկինում սահմանված 32 դրամի փոխարեն: Նշված մեծությունները համարժեք են ներկայումս ջրերի համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերի տասնապատիկին եւ ավելի մոտ են Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխանող ջրային ռեսուրսի իրական տնտեսական արժեքին: Հաջորդ որոշմամբ կառավարությունը փոփոխել է իր 2008թ. դեկտեմբերի 18-ի N1563-Ն որոշումը, որը վերաբերում է «Սեւան» ազգային պարկի եւ դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրմանը եւ քաղաքաշինական գործունեության իրականացմանը: Հաշվի առնելով Գեղարքունիքի մարզպետի առաջարկությունը, վերը նշված որոշման երրորդ ենթագոտին, որն ընդգրկում է «Սեւան» ազգային պարկի սահմանից դուրս` դեպի ցամաք մինչեւ 500 մ լայնությամբ շերտի տարածքը, հանվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթներից, քանի որ վերջինիս լիազորությունը տարածվում է միայն բնության հատուկ պահպանվող տարածքների վրա, իսկ երրորդ ենթագոտին բնության հատուկ պահպանվող տարածք չէ:



Գործադիրը հավանություն է տվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի հզորությունների ամրապնդման 2010-2013թթ. ծրագրին` ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցնելով ՀՀ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի նախագիծը կազմելիս ՀՀ բնապահպանության նախարարության հայտի հիման վրա քննարկել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության հարցը: Ծրագրի շրջանակում իրավական, տնտեսական եւ սոցիալական համակարգերի ներդաշնակեցումը թույլ կտա համատեղել բնության պահպանությունը եւ կանոնակարգված բնօգտագործումը` նպաստելով բնապահպանական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:



Գործադիրը հաստատել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուսումնասիրության իրականացման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ վերաբաշխում կատարել 2009թ. պետբյուջեում, փոփոխել կառավարության նախկին որոշումներից մեկը եւ 2009թ. չորրորդ եռամսյակում 5717.1 հազար դրամ հատկացրել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Ծրագրի հիմնական նպատակը Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի շահագործողական պաշարների վերագնահատումն է:



Հայաստանի կառավարությունը անտնտեսվար եւ ոչ նպատակային օգտագործման հետեւանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներում 1 խմ ստորերկրյա ջրի արժեքն ընդունվում է 10 դրամ, իսկ 1 խմ մակերեւութային ջրի արժեքը` 5 դրամ, նախկինում սահմանված 32 դրամի փոխարեն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---