ԼՂՀ տնտեսական աճը 2010 թվականին կկազմի 13 տոկոս

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության նիստը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը: « 2009 թվականի ընթացքում կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը մասամբ չեզոքացրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Արդյունքում ընթացիկ տարում մենք կունենանք տնտեսական աճ, որն ըստ կանխատեսումների` կկազմի ավելի քան 13 տոկոս: Եվ դա մեզ հաջողվեց ինչպես կառավարության գործունեության, այնպես էլ մեր ժողովրդի դրսեւորած խոհեմ վարքագծի շնորհիվ, որը չմատնվեց վիճակն անիմաստ բարդացնող խուճապի»,-ասել է ԼՂՀ նախագահը:



«2010 թվականին մենք պետք է պատրաստ լինենք նաեւ հնարավոր անբարենպաստ զարգացումների: Կարծում եմ, 2010 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ամենակարեւոր թեման պետք է լինի գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հավասարակշռված եւ իրատեսական բյուջեի ընդունումը, որից հետո կառավարությունն իր կողմից վարվող արդյունավետ բյուջետային քաղաքականությամբ կապահովի նրա կատարումը:



2010 թվականի պետական բյուջեն պետք է ապահովի հետեւյալ երկու հիմնական նպատակների օպտիմալ իրականացումը:



Առաջին` անհրաժեշտ է պետական միջոցները ծախսել արդյունավետ եւ խնայողաբար, որը առանձահատուկ

կարեւորություն է ներկայացնում պետության սահմանափակ եկամուտների` մի կողմից, եւ նախատեսված ծրագրերի ամբողջական ու ժամանակին կատարման անհրաժեշտության` մյուս կողմից, պայմանների առկայության դեպքում: Երկրորդ` պետության ծախսերի կրճատումը չպիտի դառնա երկրում տնտեսական հարաբերությունները եւ աճը զսպող գործոն: Ընդհակառակը, պետական բյուջեի ծախսերը, որոնք մյուս կողմից հանդիսանում են բնակչության եկամուտներ, պետական ներդրումներ, պիտի ընդլայնեն համախառն պահանջարկը` դրանով իսկ խթանելով տնտեսական աճը հանրապետությունում:



Ներկայացված պետական բյուջեի եւ նրա հետագա կատարման ապահովման վերաբերյալ ուզում եմ հայտնել որոշ նկատառումներ, որոնք կառավարությունը պետք է պարտադիր հաշվի առնի:



-Բնակչության սոցիալապես ամենախոցելի խավերին անհրաժեշտ է հնարավորինս պաշտպանել արտաքին անբարենպաստ ազդեցություններից: Նպաստներն ու կենսաթոշակները, ուսուցիչների, բուժաշխատողների եւ, ընդհանրապես, բյուջեից հատկացվող բոլոր աշխատավարձերը պետք է պահպանել 2009 թվականի տարեսկզբին բարձրացված չափերով եւ վճարել առանց ուշացումների:



-Կառավարությանը հանձնարարում եմ անմիջական ուշադրության կենտրոնում պահել Արցախյան պատերազմում զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների, հաշմանդամների խնդիրները, շարունակել հետեւողականորեն իրականացնել նրանց սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը, իսկ 2010 թվականի հունվարից ամենամսյա դրամական օժանդակություն սահմանել երկու եւ ավելի զոհ ունեցող ընտանիքների համար`մեկ զոհվածի հաշվով 15 հազար դրամի չափով:



-Պետական մարմինների պահպանման ծախսերն անհրաժեշտ է իրականացնել խիստ խնայողական ռեժիմով: Բյուջեի միջոցներով գույքի ձեռքբերումները պետք է կատարվեն բացառիկ դեպքերում եւ առավելապես մասնագիտացված տեխնիկայի համար: Բյուջետային միջոցների ծախսման գործընթացը անհրաժեշտ է իրականացնել ֆինանսական բարձր կարգապահությամբ, որը պարտադիր է բոլորի համար:



-Տնտեսական քաղաքականությունն անհրաժեշտ է վարել այնպես, որ սպառողական գների արտառոց թռիչքները բացառվեն, որը նույնպես լուրջ սոցիալական գործոն է հանդիսանում:



-Հարկ է հետեւողականորեն շարունակել բիզնեսի համար հավասար եւ բարենպաստ դաշտի ապահովմանը միտված քայլերը: Այդ նպատակով իրականացվող միջոցառումները պետք է ուղղվեն հարկային վարչարարության պարզեցմանն ու բարելավմանը, բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորմանը, փոքր եւ միջին ձեռներեցության աջակցության ընդլայնմանը:



2010 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների առիթն օգտագործելով` ուզում եմ խոսել նաեւ մի քանի կարեւոր խնդիրների մասին:



1.Այս պետական բյուջեի ձեւավորման գործընթացը տեղի է ունենում մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ ցանկացած պետական կառույցի, առանձին պաշտոնյայի վարքագիծը եւ իր պարտականությունների նկատմամբ պատասխանատվության աստիճանը էական նշանակություն ունեն մեր երկրի եւ տնտեսության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար:



2.Բոլոր շահագրգիռ կառույցների, առաջին հերթին, կրթության եւ գիտության ու առողջապահության նախարարությունների ղեկավարների ուշադրությունը ուզում եմ հրավիրել նախադպրոցական հիմնարկներում երեխաների խնամքի որակի վրա: Ամենօրյա հսկողության տակ պետք է վերցվի մանկապարտեզներում սննդի, կենցաղային եւ սանիտարական պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին:



3.Հողերի օգտագործման եւ պահպանման, ինչպես նաեւ այդ գործընթացների նկատմամբ վերահսկողության բնագավառում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում տնտեսության զարգացման համար, այդ թվում` բյուջեների ձեւավորման ու համալրման տեսանկյունից: Կառավարության եւ իրավապահ մարմինների կողմից այդ խնդիրները լուծելու, մասնավորապես, անօրեն հողօգտագործումը վերացնելու ուղղությամբ սկսված լայնածավալ աշխատանքներն անհրաժեշտ է շարունակել եւ հասցնել իրենց տրամաբանական ավարտին:



4.Բազմիցս նշվել է պետական հիմնարկների օպտիմալացման անհրաժեշտության մասին: Սակայն այսօր գոյություն ունեցող եւ պետական բյուջեից ֆինանսավորում ստացող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների թիվը հասել է մոտ 140-ի եւ շարունակում է աճել: 2009 թկականի ընթացքում գրանցվել է 9 նոր պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Կառավարությանը հանձնարարում եմ ուսումնասիրել առկա վիճակը եւ առաջարկություն ներկայացնել այս ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու մասին:



Հարգելի ներկաներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը ներկայացված է կառավարության քննարկմանը, ընդունվելու դեպքում հնարավորություն կտա լուծել մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման եւ նորմալ կենսագործունեության ապահովման խնդիրները: Այն ունի հստակորեն ընդգծված սոցիալական ուղղվածություն եւ կնպաստի մեր ժողովրդի կենսապայմանների բարելավմանն ու կյանքի որակի բարձրացմանը:



Բյուջեի նախագիծը շուտով կներկայացվի Ազգային ժողով: Վստահ եմ, որ այնտեղ կծավալվեն կառուցողական, շահագրգիռ եւ համակողմանի քննարկումներ մեր հանրապետության համար այդ կարեւոր փաստաթղթի շուրջ, որի իրականացումը յուրաքանչյուրից կպահանջի համառ ու լարված աշխատանք»,-ասվում է նախագահի ելույթում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---