Անկարան ու Երեւանը դիվանագիտական փակուղու՞մ են

PanARMENIAN.Net - Անկարայի ու Երեւանի միջեւ հարաբերություններում նշմարվող ջերմացումը սպառնում է նոր դիվանագիտական փակուղու վերածվել: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը կապել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Այդ մասին գրում է «Իզվեստիա» թերթը «Թուրքիան հրաժարվել է հաշտվել Հայաստանի հետ» հոդվածում:



Հոդվածում նշվում է, որ այդ պայմանի մասին նախարարը հայտարարեց Աթենքում ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների Խորհրդի 17-րդ նիստի շրջանակներում իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը: «Հայաստանի հետ Արձանագրությունների վավերացումը հնարավոր է միայն նրա կողմից օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրումից հետո»,- կտրականապես հայտարարեց Դավութօղլուն: Անկարայի այդ դեմարշը, ըստ էության, զրոյի է հավասարեցնում երկու ժողովուրդների դարավոր թշնամությանը վերջ դնելու բոլոր փորձերը:



«Կարգավորման մասին պայմանավորվածություններն անմիջապես դժգոհության ալիք բարձրացրեցին Բաքվում: Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին. հայ-թուրքական սահմանի բացմանը պետք է նախորդի «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը»: Հակառակ դեպքում Թուրքիան «կարող է կորցնել բարեկամականա Ադրբեջանին»,- ընդգծում է ռուսական հրատարակությունը:



ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Նատալյա Ուլչենկոյի կարծիքով, եթե Անկարան հրաժարվի դիտարկել Լեռնային Ղարաբաղի մասին հարցը որպես պայման, դա նրա համար Բաքվի հետ հարաբերությունների զգալի վատթարացում կնշանակի: «Ընդ որում, օրակարգում կմնա Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին հարցը: Եւս մեկ հետաքրքիր երեւույթ. իր ապագան Թուրքիան մեծապես կապում է էներգոռեսուրսների փոխադրող երկրի ճակատագրի հետ, այդ թվում` Ադրբեջանի: Հիշենք, որ Անկարայի ու Երեւանի մերձեցումը, որը նշանավորվեց ամռանը, անմիջապես առաջ բերեց Բաքվի դեմարշերը: Բայց հենց այդ ժամանակ ստորագրվեց Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ բնական գազի ավելցուկի մատակարարման մասին համաձայնագիրը: Բաքվի վերակողմնորոշումը դեպի Մոսկվա` որպես իր էներգոռեսուրսների փոխադրող, խիստ անցանկալի սցենար է Թուրքիայի համար»,- ընդգծեց ռուս փորձագետը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---