Ֆինանսական ճգնաժամը կարող է աշխարհի ամենաաղքատ երկրների միլիոնավոր երեխաների զրկել կրթության հնարավորությունից

PanARMENIAN.Net -
Հունվարի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հանրությանը կներկայացնեն Կրթություն բոլորի համար խորագրով համաշխարհային զեկույցը 2010թ. համար, որտեղ նախազգուշացում կա ֆինանսական ճգնաժամի հետեւանքների մասին: Ըստ զեկույցի, ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամլո ծառայության, ֆինանսական ճգնաժամը կարող է աշխարհի ամենաաղքատ երկրների միլիոնավոր երեխաների զրկել կրթության հնարավորությունից:



«Մենք գտնվում ենք մեր ստանձնած կարեւորագույն պարտավորությունների` մինչեւ 2015թ. հասանելի դարձնել կրթությունը բոլորի համար, տապալման եզրին: Ճգնաժամի հետեւանքները սպառնում են արգելակել կամ նույնիսկ ի չիք դարձնել ձեռք բերված առաջընթացը հիմնարար կրթության ոլորտում որոշ ամենաաղքատ երկրներում, այդպիսով նպաստելով երեխաների «կորսված» սերնդի առաջացմանը: Կառավարությունները պետք է վճռական միջոցներ ձեռնարկեն այդ վտանգը կանխելու համար»,-հայտարարել է զեկույցի տնօրեն Քեվին Ուոտկինսը:



2010թ. զեկույցը գնահատում է այն աշխատանքը, որ կատարվել է այդ ուղղությամբ, առանձնակի ուշադրության արժանացնելով այն միլիոնավոր երեխաներին, որոնց համար դպրոցը դեռեւս անհասանելի է մնում: Զեկույցում նշվում է, որ հավանաբար վիճակը շտկելու համար պահանջվող ծախսերը գերազանցեն նախկինում կատարված հաշվարկները:



Զեկույցը պատրաստվում է ամեն տարի, նպատակ ունենալով գնահատել առաջընթացը «Կրթություն բոլորի համար» ծրագրով նախատեսված վեց նպատակների ուղղությամբ այն 160 երկրներում, որոնք պարտավորություններ են ստանձնել 2000թ.:





ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպություն է, որը ստեղծվել է 1945թ. նոյեմբերի 16-ին: Այդ կառույցի խնդիրները չեն սահմանափակվում դպրոցների կառուցմամբ պատերազմող երկրներում եւ գիտական բացահայտումների հրապարակմամբ: Կրթության, գիտության, մշակույթի եւ հաղորդակցությունների հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է առավել բարձր նպատակի հասնել` ամրապնդել մարդկանց գիտակցության մեջ խաղաղությունը պաշտպանելու գաղափարը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր յուրօրինակ լաբորատորիա է նոր գաղափարների եւ մոտեցումների համար, որոնք հիմք են ծառայում միջազգային նորմատիվ փաստաթղթերի համար էթիկական ոլորտի խնդիրները լուծելու նպատակով: ՅՈՒՆԵՍԿՕ-ն միաժամանակ նաեւ տեղեկատվության փոխանակման կենտրոն է, այն տեղեկատվություն է եւ գիտելիք է տարածում, օգնելով անդամ երկրներին զարգացնել հասարակության ներուժը գործունեության ամենատարբեր ոլորտներում, մասնավորապես, այսպես կոչված «մարդկային գործոնը»: Այլ կերպ ասած, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը 190 իսկական եւ 6 ասոցիացված անդամ երկրների միջեւ կրթության, գիտության, մշակույթի եւ հաղորդակցությունների ոլորտում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է միջազգային երկխոսություն հաստատելու ուղղությամբ, որը հիմնված կլինի ունիվերսալ մարդկային արժեքները եւ յուրաքանչյուր քաղաքակրթության ու մշակույթի ինքնիշխանությունը հարգելու վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---