ՀՀԿ. Արձանագրություններում նախապայմաններ չկան

ՀՀԿ. Արձանագրություններում նախապայմաններ չկան

PanARMENIAN.Net -
«Ես նորմալ եմ համարում, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունել եւ Հայ-թուրքական Արձանագրությունների գործին է կցել ՀՅԴ իրավաբանական եզրակացությունը եւ ավելի վաղ ներկայացված բոլոր փաստագրական նյութերը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, դա լավ հիմք կհանդիսանա Արձանագրությունների քննարկման համար ՀՀ ՍԴ-ում: Ընդ որում, նա ասել է, որ չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի ՍԴ որոշումը:



Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ճիշտ չէր լինի արդյոք, որ քննարկումները հրապարակային լինեին` Շարմազանովն ասել է. «Ճիշտ է թե ոչ, դա կորոշի ՀՀ ՍԴ-ն: Եթե դատարանը նման որոշում է կայացրել, ուրեմն դրա համար բավարար հիմքեր ունի»:



«Մեր կուսակցությունը բազմիցս է հայտարարել, որ Արձանագրություններում նախապայմաններ չկան»,-ասել է Շարմազանովն ու հավելել, որ Հայաստանը հետագայում եւս հետեւողական է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:



Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Հայաստանի հանրապետական կուսակցություն

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է 1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:

Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:

2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---