ԵԱՀԿ ՄԽ-ն հրաժարվել է մեկնաբանություններ անել Բաքվում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) գտնվում են Բաքվում:

Համանախագահները Բաքվում հրաժարվել են մեկնաբանել Երեւանում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները` նշելով միայն, որ նրանց այս այցը տարածաշրջան կապված է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի հանդիպման համաձայնեցման հետ: Բերնար Ֆասիեն ասել է լրագրողներին, որ համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքում կպատրաստեն կոմյունիկե, որը կզետեղվի ԵԱՀԿ կայքէջում:



Միջնորդները հրաժարվել են մեկնաբանել հունվարի 25-ին Սոչիում կայանալիք հանդիպման հարցն ու ձեւաչափը, հաղորդում է ANS հեռուստաալիքը:



Ալիեւի ու Սարգսյանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2009թ. նոյեմբերի 22-ին Մյունխենում: Դա նրանց վեցերորոդ հանդիպումն էր մեկ տարում: Հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում էր, որ չորս ժամ տեւած բանակցությունները կառուցողական էին, նախագահները մանրամասն քննարկել են առավել կարեւոր հարցերը, որ ներկայացրել էին ԵԱՀԿ համանախագահները, «որոշ հարցերում առաջընթաց գրանցվեց», սակայն «միեւնույն ժամանակ, որոշ հարցեր դեռ բաց են մնում»:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: -



ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:



Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---