ՔԸՐՔ ՔՐՔՈՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԱՃԱՌԵԼ «MGM» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՆ ՅՈԹ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ

PanARMENIAN.Net - Վաճառքի է հանված Հոլլիվուդի հնագույն կինոստուդիաներից մեկը` «Մետրո-Գոլդվին-Մայերը»(MGM):Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Լոս Անջելես Թայմս» թերթը, ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատեր Քըրք Քրքորյանը, որին պատկանում է բաժնետոմսերի 80 տոկոսը, մտադիր է ստանալ կինոստուդիայի համար մոտավորապես յոթ միլիարդ դոլար այն դեպքում, երբ նրա շուկայական կապիտալիզացիան այսօրվա դրությամբ կազմում է հինգ միլիարդ դոլար: Թերթի տվյալներով, Քրքորյանը հույս ունի վաճառել բաժնետոմսերը հատը 30 դոլարով, այն դեպքում երբ դրանց ներկայիս գինը չի գերազանցում 21 դոլարը: «Լոս Անջելես Թայմսի» հաղորդագրության համաձայն, «Մետրո-Գոլդվին-Մայերի» հավանական գնորդներ են համարվում խոշորագույն «Վիվենդի Յունիվերսալ», «Նյուս Քորպ» եւ «ԱՈԼ Թայմ» մեդիախմբերը: Սակայն, գնման վերաբերյալ դեռեւս ոչ մի առաջարկ չի արվել, քանի որ գինը չափազանց բարձր է: Ոչ Քրքորյանը, ոչ ստուդիայի տնօրենների խորհրդի նախագահը, ոչ պոտենցիալ գնորդները չեն մեկնաբանում վաճառքի մասին հաղորդագրությունը: «Լոս Անջելես Թայմսը» նշում է, որ կինոստուդիայի կարեւորագույն ակտիվը մասնագետները համարում են իրավունքները Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի եւ Վարդագույն Հովազի մասին շարքի նկատմամբ: MGM-ի ֆիլմադարանում ընդամենը կա ավելի քան 4100 անվանում: Նշենք, որ Քրքորյանը արդեն երրորդ անգամ է վաճառում «Մետրո-Գոլդվին-Մայերը»: Առաջին անգամ նա ձեռք է բերել կինոստուդիան 1969 թվականին, իսկ երկրորդ անգամ` 1996-ին մեկ միլիարդ 300 միլիոն դոլարով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---